Նոր տարվան հաշված օրեր են մնացել, սակայն մայրաքաղաքի մթերային խանութների աժիոտաժը նախորդ տարվա խառնաշփոթի հետ չես համեմատի։ Այս տարի հայաստանցիները կարծես չեն շտապում րոպե առաջ ավարտել իրենց ամանորյա գնումները, նայում են ապրանքների բաձր գներին ու մի տեսակ «քոռ ու փոշման» հեռանում խանութներից։

Ինչեւ, պարզելու համար, թե ինչպես են պատրաստվում դիմավորել Նոր տարին մեր համաքաղաքացիները, Նոր տարվա գնումների ո՞ր մասն են հասցրել անել եւ ի՞նչ են, առհասարակ, ունենալու իրենց ամանորյա սեղաններին, NEWS.am-ի թղթակիցը փոքրիկ հարցում անցկացրեց Երեւանի փողոցներում։

Ինչպես պարզվեց, ամանորյա ուտեստների առաջատարը եւ Նոր տարվա սեղանի «զարդը», սպասվածի նման, ավանդական բուդն է, որից հայերս ոչ մի կերպ, այնուամենայնիվ, չենք կարողանում հրաժարվել։

«Այս տարի ամեն ինչի գները շատ թանկ են, բայց ինչ անենք, սովորել ենք։ Նեղություն տալով է, պարտքով է, մեկ է, Նոր տարվա սեղանին խոզի բուդ անպայման  դնելու ենք, թե չէ առանց դրա սեղանը մի տեսակ դատարկ է երեւում, ճոխ չի լինում»,- նշեց մի կին։ Մեկ ուրիշ անցորդ էլ նկատեց, որ թեպետ դեմ է Նոր տարին «հայավարի», ծանրումեծ  դիմավորելու սովորությանը, այնուամենայնիվ իրեն եւս այլ բան չի մնում, քան ամեն ինչ անել «ընդունված կարգի համաձայն»։ «Դեռ ոչինչ չեմ գնել։ Սպասում եմ աշխատավարձիս,ստանամ, տեսնեմ՝ ինչ եմ անում։ Բուդը բացառվում է, հաստատ չեմ գնելու, բայց գիտեմ, որ միջին սեղան ունենալու համար մոտ 200 հազար դրամ, այսպես թե այնպես, կծախսեմ։ Ոչ ոքի զարմացնելու ոչինչ չունեմ, ինձ չեմ «կոտորելու»,- ասաց նա։

Մի տղամարդ էլ ասաց, որ Ամանորի գնումների առումով ինքն իրեն սահմանափակումների մեջ չի դնում եւ ծախսում  է այնքան, ինչքան սիրտն ուզում է։

Հետաքրքիր է, որ ամանորյա սեղանի ճոխությանը մեծ տեղ են տալիս նաեւ երիտասարդները։ Մի 18-20 տարեկան աղջիկ, օրինակ, ամենայն լրջությամբ նկատեց, որ «Նոր տարվա սեղանի ճոխության համար ավանդական խոզի բուդը պարտադիր է»։ Նույն կարծիքն արտահայտեց նաեւ նրա ընկերուհին։

Մեկ այլ երեւանցի էլ նշեց, որ մինչ դեկտեմբերի 25-ը ինքը 150 հազար դրամ արդեն իսկ ծախսել է։ «Երեւի մի 50 հազար էլ դեռ կծախսեմ եւ դրանով կսահմանափակվեմ»,- ասաց նա։

Հարցվածներից միայն երկու-երեք հոգի նշեցին, որ Նոր տարին դիմավորելու են համեստ ու զուսպ՝ առանց ավելորդությունների։ «Ի վերջո, այս կյանքում ուտելն ամենակարեւորը չէ։ Պարզապես պետք է ուրախանալ, տոնը նշել եւ ոչ թե կենտրոնանալ ուտելու վրա»,- ասաց մի կին՝ ավելացնելով, որ մեծ գումարներ արժե ծախսել  ճամփորդությունների, ուսման եւ հետաքրքիր գրքեր գնելու, բայց ոչ երբեք Նոր տարին ճոխ նշելու վրա։ Մեկ ուրիշ կին էլ ասաց, որ այս տարի Նոր տարին դիմավորելու է ընկերների հետ. «Մենք պարզապես խորոված կուտենք եւ վերջ։ Կարեւորն ընկերությունն է»։

Հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունեն մեր համաքաղաքացիները գալիք Նապաստակի տարվանից, հարցվածներից գրեթե բոլորն էլ նշեցին, որ մեծ հույսերով են դիմավորելու 2011-ը։ «Կարեւորը, որ գալիք տարում ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն։ Մնացած ամեն ինչ մարդու համար է. մի օր լավ կլինի, մի օր՝ վատ»,- նշեց նրանցից մեկը։