Արցախի զորամասերից մեկից ծայրահեղ ծանր վիճակում հունվարի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված զինծառայողի վիճակը բավարար է: Այս մասին  NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից: Էռնեստ Հովհաննիսյանի մոտ կա դրական դինամիկա, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մինասյանը դեպքի առնչությամբ գրել էր.

«Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկից ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել նախորդ հինգշաբթի ծառայության անցած նորակոչիկ՝ Էռնեստ Հովհաննիսյանը Նոր Նորքից։ Պատճառը՝ բարձրությունից ընկնե՞լը, նետվե՞լը, նետե՞լը։ Տեղեկություններ կան, որ զորամասում անպատմելի միջադեպի հետեւանք է։ Միջադեպը կոծկելու միտումներ կան։ Հրավիրում եմ նախ ԶԼՄ-ների ու իրավապաշտպանների ուշադրությունը»:

Նույն գրառման տակ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ զինծառայողը ինքնախեղման փորձ է արել, ծնողին տեղեկացվել է, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերվել է, ընթանում է քննություն: