Երեւանի քաղաքապետարանի եւ «ՀայՌուսգազարդ» ընկերության համատեղ ակցիայի շրջանակներում մայրաքաղաքի 300 առավել կարիքավոր, ինչպես նաեւ ազատամարտիկների ընտանիքների, որպես ամանորյա նվեր, տրամադրվել են գազի ժամանակակից վառարաններ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վառարանների առաջին խմբաքանակը հանձնվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 31 ընտանիքների: Վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը ներկաներին է փոխանցել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձը ամանորի կապակցությամբ` առողջություն , ջերմություն ու համերաշխություն մաղթելով բոլոր ընտանիքներին:
«Համոզված եմ, որ այս վառարանները կջերմացնեն ոչ միայն ձեր բնակարանները, այլեւ ձեր հոգիներն ու սրտերը»,- ասաց Դավիթ Օհանյանը:
Վերջինիս խոսքով սոցիալական այս ակցիայից բացի, նախատոնական օրերին մայրաքաղաքում հաշվառված կարիքավոր ընտանիքների համար քաղաքապետարանի կողմից բարեգործական այլ ծրագրեր էլ են իրականացվում: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում թվով 3500 անապահով ընտանիքներ ստացան նաեւ ամանորյա ծանրոցներ:
«ՀայՌուսգազարդ» ընկերության մասնագետների կողմից կլուծվեն նաեւ վառարանների տեխնիկապես անվտանգ միացումների եւ շահագործման խնդիրները: Ամանորին արդեն բոլոր այդ ընտանիքների բնակարանները կջեռուցվեն գազի նոր վառարաններով: «Շուրջ 300 ընտանիքների մենք պետք է հասցնենք բաժանել վառարանները: Ճշտում ենք բոլոր այն հասցեները, որտեղ պետք է տեղադրվեն վառարանները եւ աշխատում ենք հնարավորինս արագ կազմակերպել աշխատանքները»,- ասել է «Երեւան Գազ» ընկերության տնօրեն Գառնիկ Մովսիսյանը:



























