Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արարատ Խանդոյանի պաշտպանը դիմել է Վճռաբեկ դատարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատ Խանդոյանի պաշտպանը` Արա Ղարագյոզյանը:

«Ընդհանրապես հասկանալի չէր մեղադրանքը, կոլեկտիվ եւ չպատճաբանված մեղադրանք էր, այսինքն այս գործով անցնում էին 12 մեղադրյալներ, կոնկրետ Արարատ Խանդոյանի մեղքը չէր առանձնացվել, կոլլեկտիվ մեղադրանքով գնացել է դատարան եւ չգիտեինք` նա ինչ է արել:Վերաքննիչի մերժումից հետո դիմել ենք Վճռաբեկ դատարան, սակայն որեւէ հույս չունենք, սա ուղղակի միջոց է, որ անցնենք ու հետագայում կարողանանք դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»,-ասաց Արա Ղարագյոզյանը:

Փաստաբանի խոսքով` դատարանները արդարադատություն չեն իրականացնում, այլ քաղաքական հետապնդում են իրականացնում Խանդոյան լինելու համար:

«Վերաքննիչ քրեական դատարանը հերթական ապօրինի ակտը կայացրեց եւ բողոքը մերժեց: Վկաների ցուցմունքնեռրում կային բազմաթիվ էական հակակասություններ, որոնց վերաբերյալ Վերաքննիչ դատարանը նշել է, որ պաշտպանը չի ապացուցել, որ վկաների ցուցմունքներում կան էական հակասություններ: Ինչպես գիտենք ոստիկանության աշխատակիցները, որոնք իմ պաշտպանյալի դեմ ցուցմունք են տվել, ասել են, որ Արայիկ Խանդոյանն է հարվածել, բռնություն գործադրել, մենք հարցրեցինք Արայի՞կ, թե՞ Արարատ Խանդոյանը, իսկ վկան պատասխանեց` երկուսն էլ: Դա էլ հիմք է տալիս հաստատելու, որ վկաների ցուցմունքներում կային էական հակասություններ եւ կեղծ տեղեկություններ, փաստորեն նույն բերման ենթարկող վկան չէր հիշում` ով է Արարատ Խանդոյանին բերման ենթարկել, որտեղից է բերման ենթարկել, որ բաժին է տարել: Մեկն ասում է Քանաքեռի բաժին, մյուսն ասում էր` 6-րդ վարչություն են տարել, էական հակասություններ կային, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է»,-ասաց Արա Ղարագյոզյանը:

Հիշեցնենք, որ 2017-ի հունիսի 27-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն Արարատ Խանդոյանին դատապարտել էր 3,5 տարվա ազատազրկման՝ նրան մեղադրելով 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Վերաքննիչը նույնպես մերժել էր պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը: