Օրեր առաջ Վանաձորի ծայրամասային ԱՌԴԱ թաղամասում բռնկված հրդեհի հետեւանքով ամբողջությամբ մոխրացած երկու տների բնակիչները դրսում են հայտնվել: Հունվարի 13-ի հրդեհը ճակատագրական է եղել այդ բնակարաններում ապրող ընտանիքների համար: Նրանք կորցրել են ոչ միայն ամբողջ գույքը, այլեւ բնակարանը դարձել է բնակության համար ոչ պիտանի:

Ընտանիքներից մեկը բաղկացած է 4, մյուսը՝ 7 անձից: Ինչպես իրենք են նշում, հրդեհից հետո գիշերում են որտեղ պատահի:

«Մի օր մի ծանոթի տանն ենք քնում, մյուս օրը՝ մի ուրիշ բարեկամի»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեցին բնակիչները:

Բնակարաններից մեկի բնակիչները՝ Աբովյանները, հրդեհի մասին իմացել են Ռուսաստանի Դաշնությունում. «Մեզ զանգել ասել են, որ կողքի տունը վառվում է, ձեր տունն էլ է կպել: Հրդեհից ամբողջը՝ պատերը, առաստաղը, հատակի լամինատը, դռները, պատուհանները, ամբողջը վառվել է: Հրդեհի օրը մեզ ասեցին, էդ գիշերը մենք եկանք: Բայց մինչեւ եկանք, ամբողջ գույքը փչացած էր, տեխնիկայի մեջ ջուր էր լցվել»,- ասում է Փիրուզ Աբովյանը:

Վերջինս ափսոսանքով է նշում՝ տունը նոր էին վերանորոգել, մտածում էին մի քանի ամիս անց որդուն ամուսնացնելու մասին: Հիմա այդ մասին չեն էլ մտածում:

Ընտանիքներն արդեն հաշվարկել ու գնահատել են կրած վնասի չափը: Նրանցից մեկի վնասի չափը կազմում է 1.8, մյուսինը՝ 2.2 մլն դրամ:

Փիրուզ Աբովյանը նշում է, որ Ռուսաստանից Վանաձոր հասնելու համար ստիպված են եղել պարտքով գումար վերցնել: Ընտանիքը վարկեր ունի նաեւ Վանաձորում: Այժմ, երբ չվնասված որեւէ գույք բնակարանից հնարավոր չի եղել հանել, ընտանիքը չգիտեի, թե ինչպես է հոգալու կեցության տարրական խնդիրները:

«35 տարի աշխատել ենք ու էսօր 0-ից նորից ենք տուն դնելու: Մեր 35 տարվա աշխատանքը մեկ րոպեում ջուրը լցվեց»,- ասում է Փիրուզը:

Ընտանիքներն այսօր ցանկացած աջակցության կարիք ունեն: Աջակցել ցանկացողները կարող են զանգահարել 093094992 հեռախոսահամարով՝ Փիրուզ Աբովյանին: