Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 22-ին 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն էր ներկայացրել գործով տուժող Էմմա Աբրահամյանի նախաքննական ցուցմունքները վերջինի ներկայությամբ հրապարակելու մասին:
Նա միջնորդել էր ապահովել Էմմա Աբրահամյանի ներկայությունը նախաքննական ցուցմունքները հրապարակելու ժամանակ` հարկ եղած դեպքում նրան հարցեր ուղղելու համար:
Ներկայացված միջնորդության վերաբերյալ այսօր իր դիրքորոշումը հայտնեց մեղադրող Վարդգես Սարգսյանը: Նա նշեց, որ պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունում տուժողի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում հնչած հակասությունների վերաբերյալ բերված փաստարկները հիմնավորված եւ փաստարկված չեն: Նրա խոսքով, տուժողի ցուցմունքները ոչ թե հակասում են միմյանց, այլ շատ դեպքերում` փոխլրացնում իրար. «Իմ հակափաստարկները վերաբերում են բացառապես պարոն Պողոսյանի արած միջնորդությանը, նրա կողմից մատնանշված հակասություններն էական չեն, ամեն դեպքում, թող տպավորություն չստեղծվի, որ մեղադրողը կաշկանդված է տուժողի նախաքննական ցուցմունքով»:
Պաշտպանական կողմը եւս մեկ անգամ պնդեց տուժող Էմմա Աբրահամյանի նախաքննական ցուցմունքները հրապարակելու անհրաժեշտությունը` նշելով, որ դատարանը պետք է առաջին հերթին արդար դատաքննության մասին մտածի:
Տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանն էլ նշեց, որ տուժող կողմը նախանձախնդիր է, որպեսզի անմեղ տեղը ոչ ոք չդատվի: Նրա խոսքով, որդու դաժան սպանությանն ականատես եղած Էմմա Աբրահամյանը բոլորին ճիշտ ճանաչել է եւ պաշտպանական կողմի այն պնդումը, թե տուժող կողմը «չար» տրամադրվածություն ունի, իրականության չեն համապատասխանում. «Մեր ընտանիքը չար տրամադրվածություն չունի, եթե այս ընթացքում չար դիրքորոշում, վիրավորական արտահայտություններ եղել են, միայն ամբաստանյալների ընտանիքների կողմից են եղել: Մնեք չենք ուզում, որ անմեղ տեղը ինչ-որ մեկը դատվի»:
Դատարանը որոշում կայացրեց հետաձգել միջնորդության քննարկումը: Այսօր պետք է հարցաքննվի տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը:
Նշենք, որ տուժողներից Սանասար Բադալյանը ներկա չէր, այսօր նա պետք է հարցաքննվեր:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:




























