«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը քիչ առաջ բողոքի գործողություն է անցկացրել Հայաստանի նախագահի նստավայրի մոտ: Մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի մոտ հավաքված շուրջ 100 ցուցարարները բողոքում էին «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում կատարված փոփոխությունների դեմ՝ պահանջելով չեղյալ հայտարարել այդ փոփոխությունները: Հավաքվածները հնչեցնում էին

«Ո՜չ օտարալեզու դպրոցներին», «Հայ մանուկին՝ հայ դպրոց», «Ոչ գաղութացմանը» կարգախոսները: Նախաձեռնության անդամ Արամ Ապատյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ ցուցարարները նամակ էին պատրաստել՝ ուղղված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում ներկայացված էր «Ժառանգություն» կուսակցության կոչը՝ չստորագրել հակաժողովրդական օրինագծերը: Նախաձեռնությունը նաեւ ստորագրահավաք էր կազմակերպել, որին այս պահի դրությամբ արդեն 360 մարդ է միացել:

Բողոքի ակցիան մեկնարկել էր ժամը 18-ին, եւ ցուցարարները չկարողացան նամակը փոխանցել նախագահի աշխատակազմ՝ աշխատանքային ժամի ավարտված լինելու պատճառով, ուստի որոշեցին դեկտեմբերի 29-ին կրկին հավաքվել եւ նամակը հանձնել Սերժ Սարգսյանի աշխատակազմին:

Բողոքի գործողությանը մասնակցում էին ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը: