ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում ՝ պարզելու 48-ամյա տղամարդու մահվան հանգամանքները:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018թ. հունվարի 28-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում, ահազանգ է ստացվել առ այն, որ Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասի թիվ 2-րդ գերեզմանատանն առկա է տղամարդու դիակ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դիակի զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը. նա Երեւանի բնակիչ Արսեն Գրիգորյանն է՝ ծնված 1970թ., ով 2018թ. հունվարի 8-ից գտնվում էր հետախուզման մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ենթադրյալ հանցագործություն կատարելու համար՝ Ամանորի գիշերը  «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈւՎԿ Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի  առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի հայտնած նախնական տվյալներով՝ մահվան պատճառ է հանդիսացել սրտի կաթվածը։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ տղամարդու մահվան պատճառը, հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հունվարի 1-ին՝ ժամը 17:0 5-ին, «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի դրամապահոցից հափշտակել են մոտ 20 կիլոգրամ ոսկյա զարդերը, մոտ 7200 դոլար եւ 8.300.000 դրամ գումար: Կազմակերպությանը պատճառվել է 281.000.000 դրամի գույքային վնաս:

Իրվապահները պարզել էին, որ նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին եւս դրամապահոցից հափշտակվել է ընդհանուր 90.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր ու ձուլակտորներ, 803.000 դրամ եւ 4829 դոլար: Այս գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն է բերման ենթարկվել ու ձերբակալվել մասնաճյուղի կառավարիչ 36-ամյա Հայկազ Մարտիրոսյանը, որն էլ ահազանգել էր ոստիկանություն:

Ձեռնարկված հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայկազ Մարտիրոսյանը դրամապահոցի բանալու կրկնօրինակը տվել է Երեւանում հաշվառված 48-ամյա Արսեն Գրիգորյանին, որն էլ մասնաճյուղից գողություն է կատարել արդեն հունվարի 1-ին՝ կազմակերպությանը պատճառելով 281.000.000 դրամ գույքային վնաս:

Իրավապահները հայտնաբերել են գողոնի մի մասը: Առգրավված ոսկյա զարդերն ու գումարը ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: