Հայաստանը չունի Նոբելյան մրցանակակիր, իսկ արտասահմանցի գիտնականները մի քանի Նոբելյան մրցանակ են շահել հայ գիտնականների կատարած աշխատանքների հիման վրա: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը:
Նրա խոսքով` հայ ժողովուրդը, եւ նույնիսկ գիտնականները ոչինչ չգիտեն կամ շատ քիչ բան գիտեն, թե ինչ աշխատանքներ են կատարել Վիկտոր Համբարձումյանը կամ այլ գիտնականներ: Ա. Միքայելյանի խոսքով՝ Վիկտոր Համբարձումյանը մի շարք, այդ թվում՝ աստղաֆիզիկայի, ֆիզիկայի բնագավառներում մեծ ներդրումներ ունի:
«Օրինակ՝ նեյտրոնը, որն ամենահայտնի տարրական մասնիկներից մեկն է, հայտնաբերվեց Չելսիկի կոմից 1932թ. այն տեսության հիման վրա, որը Համբարձումյանը տեսականորեն հաշվարկել էր դեռեւս դրանից երկու տարի առաջ»,- ասաց Ա. Միքայելյանը։ Նրա խոսքով՝ դեռեւս 1930թ.-ին
Վ. Համբարձումյանը նշում էր, որ ատոմի միջուկը բացի պրոտոնից պետք է ունենա եւս մեկ ուրիշ մասնիկ՝ չեզոք լիցքով։ Դրա հիման վրա 2 տարի անց Չելսը հրապարակեց այդ տեսությունը եւ արժանացավ Նոբելյան մրցանակի:
«Ընդհանրապես Համբարձումյանի աշխատանքների հիման վրա մի քանի Նոբելյան մրցանակներ են ստացել արտասահմանցի գիտնականները, իսկ մենք` հայերս, ոչ մի մրցանակ չենք ստացել»,-ասաց Ա. Միքայելյանը։ Նրա խոսքով՝ կոմպյուտերային տոմոգրաֆիան, որը այժմ լայնորեն կիրառվում է բժշկության մեջ ստեղծվել է Համբարձումյանի տեսական աշխատանքի հիման վրա։
«Նա հաշվարկել էր աստղակույտերի դեպքում` երկչափ պատկերներից, եռաչափին անցնելու մաթեմատիկական բանաձեւերը»,-ասաց Ա. Միքայելյանը՝ նշելով, որ այդ բանաձեւերը ճշտորեն կիրառեցին այլ գիտնականներ` մարդկային օրգանների դեպքում, եւ այն ինչ Համբարձումյանը արել էր 1936թ., Նոբելյան մրցանակակի արժանացավ 76 թ. այլ գիտնականների կողմից կիրառվելով:
Մեկ այլ օրինակ՝ հայ գիտնական Տիգրան Շմավոնովը հայտնաբերել է տիեզերական մնացորդային ճառագայթումը, որը չի հրապարակել, քանի որ չի պատկերացրել, թե ինչ է դա, իսկ 7 տարի անց ամերիկացիները նույն բանը հայտնագործելու համար ստանում են Նոբելյան մրցանակ։
Իսկ թե ինչու հայ գիտնականները չեն արժանանում Նոբելյան մրցանակի, Ա. Միքայելյանը ասաց, որ, ցավոք սրտի այդ մրցանակը քաղաքականացված է, ինչին սկսել է հավատալ նաեւ ինքը։





























