Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների նստավայրը հունվարի 29-ին որոշում կայացրեց 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով տուժող Սանասար Բաղդասարյանին բերման ենթարկելու մասին: Սանասար Բաղդասարյանը ծանուցվում է, սակայն, այս գործով նիստերին չի ներկայանում, նա պետք է ցուցմունք տա: Սանասար Բաղդասարյանը այն տաքսու վարորդն է, որը դեպքի օրը Եղշիե Խաչատրյանին օգնության է հասել, բայց 58-ամյա տղամարդուն ծեծի ենթարկող տղաները հարձակվել են նրա վրա եւ ծեծի ենթարկել նրան:

Նշենք, որ անցած դատական նիստին ցուցմունք տվեց տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով: