«Օրենքով գողերի» եւ նրանց հանցակիցների դեմ քրեական պատասխանատվությունը ավելի կխստացվի։ Համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ), փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։
Մանավորապես, օրենսդրական փոփոխություններով հանցագործություն կհամարվեն «գողական աշխարհին» աջակցելը, «գողական հավաքներ» կազմակերպելը, ինչպես նաեւ «օրենքով գողերին» դիմելը եւ գողական աշխարհին անդամակցելը։
Օրինագիծը մոտակա օրերին կհանձնվի երկրի խորհրդարանի քննությանը։
«Գողական համայնքին անդամակցելը» հոդվածը Վրաստանի քրեական օրենսգրքում հայտնվել է 2005 թվականին՝ Միխայիլ Սաակաշվիլի իշխանության գալուց հետո։ 2006 թվականին այն ավելի խստացվեց։ Այժմ «Գողական համայնքին» անդամակցելը պատժվում է 5-8 տարվա ազատազրկմամբ տուգանքով կամ առանց դրա, իսկ «օրենքով գողերը» պատժվում են 7-10 տարվա ազատազրկմամբ տուգանքով կամ առանց դրա։




























