Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն եւ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիոթերապիայի կլինիկա:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության առաջին տիկինը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է այս հաստատություններում բուժվող օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին եւ հանձնել նվերներ: Առաջին տիկնոջ նախաձեռնությամբ, երեխաները որպես Ամանորի նվեր ստացել են նաեւ տոնածառներ, որոնք զարդարել են իրենց ցանկությունները ներառող բացիկներով: Ռիտա Սարգսյանը խոստացել է, որ երեխաների գրած ցանկությունները անպայման կիրականանան:

Ամանորի նախօրեին Հանրապետության առաջին տիկինը հանդիպել է նաեւ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված «Հայաստանի նոր անուններ» կազմակերպության պատանի երաժիշտ կատարողների հետ, ունկնդրել ավելի քան երեսուն երկրում Հայաստանի դրոշը բարձր պահած տաղանդավոր երիտասարդների կատարումները: «Հայաստանի նոր անուններ» կազմակերպության սաների կողմից տիկին Սարգսյանին առաջարկվել է դառնալ կազմակերպության պատվավոր նախագահ, ինչը սիրով ընդունվել է:

Այնուհետեւ Ռիտա Սարգսյանն այցելել է «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպություն: Առաջին տիկինը հանդիպել է կազմակերպության սաներին, ովքեր հիմնականում չափահաս դարձած մանկատան երեխաներ են, շնորհավորել` նրանց գալիք տոների կապացությամբ:

Ամփոփելով անցնող տարին` առաջին տիկնոջ հավաստմամբ, սոցիալական, առողջապահական եւ մշակույթի ոլորտները 2011թ. եւս կշարունակեն մնալ իր մշտական ուշադրության կենտրոնում: