Ախալքալաքի հայ եւ վրացի ընտանիքներում նոր տարվա սեղաններն իրարից գրեթե չեն տարբերվում: Ախալքալաքի հայ ընտանիքներում սեղանի վրա անպայման լինում են թե հայկական, եւ թե վրացական ուտեստներ:

Օրինակ, Ժամկոչյանների ընտանիքը  նոր տարվան սկսել է մի քանի օր շուտ պատրաստվել: Ընտանիքը բաղկացած է վեց անդամից եւ բոլորն էլ մեծ հաճույքով են ճաշակում տնային տնտեսուհու պատրաստած կերակուրները`սացիվին, խաճապուրին, տոլման, գաթան եւ փախլավան:

Ժամկոչյանները տոնածառը զարդարել են դեկտեմբերի 25-ին, իսկ բարեկամների համար նվերներ են գնել` հուշանվերների տեսքով: Սակայն այս ընտանիքն ավելի շատ կարեւորություն է տալիս հունվարի 2-ի տոնին, որը կոչվում է «Ճակատագրի օր»:

«Ամեն տարի, հունվարի երկուսին պատրաստում եմ «Տարիս»: Դա սովորական գաթա է եւ մեջը կոպեկ եմ դնում: Ընտանիքի անդամներն այն կտրատում են եւ ուտում: Ով իր գաթայի կտորի մեջ կգտնի այդ կոպեկը, կիրականանան նրա բոլոր երազանքները եւ հաջորդ տարին նրա համար բարեհաջող կլինի»,-ասում է Թամարա Ժամկոչյանը: Նրա խոսքով` անցյալ տարի, կոպեկը գտել է իր տղան եւ տարին, նրա համար, իրոք, բարեհաջող էր:

Սակայն ամենաշատը Ժամկոչյանները սպասում են իրենց առաջին հյուրին, քանի որ նրանով է պայմանավորված, թե տարին ինչպիսին կլինի: Դա վրացական ավանդույթ է, որը կոչվում է «Մեկվլե»:

Բոլորն էլ ձգտում են իրենց նոր տարին լավ դիմավորել: Եվ թող ի կատար ածվեն բոլորի երազանքները, թե հայերի եւ թե վրացիների: