Հաջորդ տարվա սկզբից ԵՄ հետ բանակցություններ կվարվեն վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ տարեվերջյան հարցազրույցում նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ավելացնելով, որ այն բարենպաստ հնարավորություններ կստեղծի ոչ միայն մարդկային շփումների, ընդհանրապես հումանիտար, այլեւ բիզնես կապերի առումով: «Կարծում եմ, որ մենք հնարավորինս արագ կանցկացնենք այդ բանակցությունները, իսկ հաջորդ փուլը ընդհանրապես վիզաների վերացմանն է վերաբերում: Իհարկե դա այդքան մոտ ապագայի հարց չէ: Բայց սա է ապագայում մեր նպատակը»,- ասել է Նալբանդյանը:
Ըստ նրա՝ ԵՄ Արեւելյան գործընկերության ձեւաչափի ներքո ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկից հետո՝ հուլիսից մինչ այսօր երեք փուլ բանակցություններ են վարվել, նաեւ աշխատանքային խմբերի յոթ հանդիպումներ են եղել, որոնց արդյունքում բավականին առաջընթաց է գրանցվել: «Մենք սկսել ենք բանակցությունները 14 ուղղություններով, եւ այսօր 5-6 ամսվա ընթացքում, փաստորեն, արդեն եզրափակել ենք բանակցությունները 9 ուղղությամբ: Դա խոսում է նրա մասին, որ բանակցությունները իսկապես արդյունավետ են ընթանում եւ նաեւ ցույց է տալիս մեր՝ բավական մոտ դիրքորոշումները ԵՄ-ի հետ բազմաթիվ հարցերի վերաբերյալ»,- ասել է արտգործնախարարը՝ ավելացնելով, որ Ասոցիացման համաձայնագրի կնքումը նոր մակարդակի կբարձրացնի եւ նոր իրավական հիմքերի վրա կդնի Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ:
Նալբանդյանի խոսքով՝ այդ շրջանակներում քննարկվում է խորը համապարփակ առեւտրային գոտու ստեղծման հարցը եւ նախապատրաստվում է բանակցությունների մեկնարկը, որը հուսով ենք կլինի մոտ ապագայում:
Նալբանդյանը խոսել է նաեւ ԵՄ-ում Հայաստանի հիմնական գործընկերներ Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ երկկողմ հարաբերությունների մասին։ Նա նշել է, որ Հայաստանի նախագահը պաշտոնական այցով եղել է Ֆրանսիայում եւ Գերմանիայում, հանդիպումներ են կայացել նախագահ Սարկոզիի եւ կանցլեր Մերկելի հետ, եւ ձեռք են բերվել բավական կարեւոր պայմանավորվածություններ։




























