Երեւանում 2017թ. մայիսի 13-ի որդու կողմից ծնողներին դանակահարելու գործը դատարանում է: NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ գործն ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, նախագահող դատավորն է Վարդան Աբրահամյանը:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Վլադիմիր Կանջարյանն իր մորը` Գայանե Մաժինյանին ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու ուղղակի դիտավորությամբ Երեւան քաղաքի Ուլնեցու փողոցի 3-րդ փակուղու 2-րդ շենքի 22 հասցեում գտնվող իրենց բնակարանի հյուրասենյակում, իր մոտ գտնվող կտրող-ծակող սուր առարկայով` դանակով, 12-14 անգամ հարվածներ է հասցրել Գայանե Մաժինյանի` կարեւոր կենսական նշանակություն ունեցող` կրծքավանդակի աջ եւ ձախ շրջաններում, Գայանե Մաժինյանի բղավոցներին արձագանքել է ննջասենյակում գտնվող Սուրեն Կանջարյանը, ով փորձել է միջամտել եւ կանխել հանցագործությունը, սակայն Վլադիմիր Կանջարյանը նույն դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Սուրեն Կանջարյանի մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով մարմնական վնասվածքներ` կտրած-ծակած վերքերի ձեւով եւ դիմել փախուստի, մինչդեռ Գայանե Մաժինյանին ժամանակին ցուցաբերված բուժօգնության պատճառով, Վլադիր Կանջարյանն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:
Վլադիմիր Կանջարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի 2-րց մասին 1-ին կետի հատկանիշներով (երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ):
Հիշեցնենք, որ 2017թ. մայիսի 13-ի երեկոյան Երեւանում, նախնական տվյալներով որդին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է իր ծնողներին, այնուհետեւ՝ նետվելով շենքի 6-րդ հարկից՝ ինքնասպանության փորձ կատարել:





























