Երեւանի Բուզանդ փողոցի եւ Հյուսիսային պողոտայի բնակիչները կառավարությունից փոխհատուցում են պահանջում: Բանն այն է, որ 15 տարի առաջ նրանց սեփական տները գերակա շահ են ճանաչվել ու քանդվել՝ խոստանալով ամենաուշը երեք տարում փոխհատուցել բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել 188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ NEWS.am-ի հետ զրույցում տուժած բնակիչներից Քնարիկ Առաքելյանը նշեց, որ այս պահին 8 ընտանիք է մնացել, որը փոխհատուցում չի ստացել:
«2005թ. Հյուսիսային պողոտայի եւ Բուզանդի փողոցների տները քանդեցին, շենքերի մեծ մասը պատմական հուշարձաններ էին: Մեզ շպրտեցին դուրս, մեր բնակարնները ձեռքերիցս խլեցին եւ թողեցին անտեր: Մեզ չնչին կոպեկներ տվեցին, հիմա փոխհատուցում ենք ուզում, որ տուն կարողանանք առնել: Թող մեր պայմանագրերը նայեն, քաղաքապետարանում մեր ամբողջ գործերը կան, 15 տարի պահանջում ենք, ոչինչ չեն անում: Մի մասի փոխհատուցումը տվելե ն, 8 հոգի ենք մնացել, ասում են՝ փող չկա: Փող չկա, կանչեք ով որ քանդել ա՝ թող տա»,-ասաց նա:




























