Սեւանա լճի «Միրաժ» հանգստյան գոտում 2017 թվականի հուլիսի 30-ին կրկնակի սպանության գործը դատարանում է: NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի դատարան, նախագահող դատավորն է Վահագն Մելիքյանը:

Ըստ մեղադրանքի՝ Էդգար Հովհաննիսյանը 2017-ի հուլիսի 30-ին Սեւանա լճի «Միրաժ» կոչվող հանգստյալ գոտու հարակից տարածքում հանգստացող Դավիթ Առաքելյանի եւ Աշոտ Հովհաննիսյանի միջեւ ծագած վիճաբանության, քաշքշուկի եւ ծեծկռտուքի ընթացքում հանկարծակի ուշագնաց լինելու հետեւանքով հիվանդանոց տեղափոխված եւ մահացած Աշոտ Հովհաննիսյանի մահվան մեջ մեղադրելով Դավիթ Առաքելյանին, վրեժխնդիր լինելու նպատակով նրան սպանել է՝ կրակելով Առաքելյանի գլխին:

Մամիկոն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար հանգամանքներին պարզաբանումներ տալու նպատակով վիճաբանելով է Դավիթ Առաքելյանի հետ, հարվածել նրան, պատճառել մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, ժ.19.30-ի սահմաններում տեղեկանալով հոր՝ Աշոտ Հովհաննիսյանի մահվան մասին եւ ենթադրելով, որ վերջինս մահացել է Դավիթ Առաքելյանի հետ տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով, ծեծելու եղանակով վրեժխնդիր լինելու նպատակով, հայտնաբերել եւ բռունցքներով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Դավիթ Առաքելյանի մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։

Էդգար Հովհաննիսյաննին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն: Նա կալանավորված է: Մամիկոն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ ծեծ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: