Երեք առաջատար տնտեսագետներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Փաուլ Քրյուգմենը« Յոզեֆ Ստիգլիցն ու Նուրիել Ռուբինին վստահ են, որ 2011-ին Եվրոպայի համար ֆինանսական դժվարություններըչեն վերանա: Նրանց խոսքով, մինչ օրս ձեռնարկված միջոցառումները կարող են միայն դանդաղեցնել տնտեսության վերականգնումը: Բոլոր երեք Նոբելյան մրցանակակիրները նշել են, որ այս տարի Եվրոպան չի կարող «ազատ շնչել», հաղորդում է AVA.md տեղեկատվական-վերլուծական պորտալը:

Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի պրոֆեսոր Փաուլ Քրյուգենը (միջազգային տնտեսագիտական հարաբերությունների դասախոս) պնդում է, որ մինչ օրս ձեռնարկված միջոցառումներն ավելի շատ վնասել, քան օգուտ են տվել տնտեսությանը՝ բերելով 1937-ի ԱՄՆ տնտեսության օրինակը:

1937-ին ԱՄՆ նախագահ Ռուզվելտի ձեռնարկած միջոցառումները, ծախսերի կրճատումն, ըստ տնտեսագետի, «նպաստեցին տնտեսության ամբողջական ձախողմանը, որը մեծ ռեցեսիայից հետո արդեն գտնվում էր վերականգնման փուլում»:

Քրյուգմենը իր հոդվածներից մեկում նշում է, որ կտուժեն ոչ միայն փոքր երկրները, այլեւ գերտերությունները: Նրա կարծիքով, «Մեծ Բրիտարիայի կառավարությունը, արհամարհելով պատմության դասերը,  պատրաստվում է կրճատել բյուջետային ծախսերը, ինչը շատ դաժան կլինեն ներկա տնտեսական պայմաններում»:

Նմանատիպ կարծիքի է նաեւ մեկ այլ Նոբելյան մրցանակակիր՝ Նուրիել Ռուբինին, ով կանխատեսել էր 2008-ի միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Նա պնդում է, որ եվրոգոտին ամենամեծ ռիսկն է պարունակում համաշխարհային տնտեսության աճի համար: Ռուբինին կարծում է, որ ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումները կարող են միայն դանդաղեցնել Եվրոպայի տնտեսական աճը: Ըստ այդմ, 2011-ին զգալիորեն դանդաղ կլինի Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի տնտեսությունների վերականգնումը:

Իսկ Ստիգլիցն էլ կարծիք է հայտնել, որ այն երկրներին, որոնք օգտագործում են միայն ֆինանսաբյուջետային ներարկումներ, սպառնում է ոչ միայն տնտեսական աճի դանդաղում, այլեւ ճգնաժամի նոր ալիք:

Ստիգլիցի ներկայացմամբ, զարգացած երկրները հիմնական ուշադրությունը պետք է դարձնեն ներդրումներին, ռազմական ծախսերը կրճատելուն, հարկային համակարգին, եթե ցանկանում են արագ տնտեսական զարգացում: