Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. առավոտյան 04:30-ի սահմաններում Վրացական փողոցի թիվ 10 շենքի բնակիչներն արթնացել են պայթյունի ձայնից: Այն որոտացել է շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում: Տունն ամբողջությամբ ավերվել է, սակայն զոհեր եւ վիրավորներ, բարեբախտաբար, չկան: Պայթյունի հետեւանքով լուրջ վնասվել է շենքի 4 բնակարան, եւս մի քանիսի ապակիներն են կոտրվել: Պատահարի հետեւանքով նաեւ բակում կայանված 10 մեքենա է վնասվել: Պայթյունի պատճառների մասին առայժմ մեկ վարկած է շրջանառվում՝ գազի արտահոսք:
Առայժմ պարզ չէ, թե բնակիչները ե՞րբ կկարողանան վերադառնալ իրենց տները: Հանձնաժողով է ստեղծվել, որն ուսումնասիրում է շենքի անվտանգության հարցը: Դեռեւս վաղ է խոսել նաեւ փոխհատուցման մասին. փոխքաղաքապետ Կամո Արեյանը հորդորում է սպասել հետաքննության ավարտին: Նշենք, որ բնակարանը, որտեղ որոտացել է պայթյունը, վերանորոգվում էր, եւ պատահարի պահին տանը մարդ չի եղել:
1988 թվականը պատմական տարի էր մի քանի տասնամյակ Խորհրդային Ադրբեջանի կազմում անցկացրած Արցախի համար: Գորբաչովի հռչակած «պերեստրոյկայից» հուսադրված՝ Ղարաբաղի հայերը որոշեցին վերջապես լուծել Արցախի ճակատագիրը: Փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջան գումարվեց, քննարկվեց ինքնավար մարզում ստեղծված իրավիճակը եւ որոշվեց դիմել խորհրդային երկու հանրապետություններին՝ ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու հարցով: Սրան հետեւեցին ադրբեջանական քաղաքներում հայ բնակչության ջարդերը, հետո՝ ցույցեր Արցախում եւ Հայաստանում, ու տարիներ տեւած պատերազմ, որն այսօր էլ, ըստ էության, չի ավարտվել: 1988-ի փետրվարի 20-ը Լեռնային Ղարաբաղում Արցախի վերածննդի օր է հռչակվել: Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ Արցախում այս օրերին տոնական միջոցառումներ են անցկացվել, այսօր էլ Երեւանի Ազատության՝ նախկին Թատերական հրապարակում տոնական հավաք է կազմակերպել Հայ ազգային կոնգրեսը. շարժման տարիների լուսանկարներ, պաստառներ, տեսանյութեր են ցուցադրվել, գրքի շնորհանդես է տեղի ունեցել:
Շարժական տեսախցիկների եւ արագաչափերի ներդրումը չի խախտում քաղաքացու իրավունքները: Արդարադատության նախարարը վստահեցնում է՝ այդ փորձը բազմաթիվ երկրներում կա: Դավիթ Հարությունյանը նաեւ խոստացել է քննարկել դրանց հիմնական ուղղությունները հրապարակելու հարցը: Լրագրողներին հետաքրքրել է նաեւ նախարարության Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի պաշտոնաթողության պատճառը: Նախարարն ասել է՝ պաշտոնավարման ընթացքում Օսիկյանը շատ բան է արել, բայց նա, ինչպես բոլորը, նաեւ թերություններ է ունեցել: Եվ ընդհանրապես, Դավիթ Հարությունյանը կարծում է, որ պարբերաբար հարկավոր է փոխել գործունեության ոլորտը՝ հակամարգին նորովի նայելու եւ թերությունները նկատելու համար:
Ինչ վերաբերում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղու պատճառով Նուբարաշենում ստեղծված իրավիճակին, որը նաեւ Երեւանի ավագանու նիստում սկանդալի պատճառ էր դարձել. Հարությունյանը նշել է, որ խնդրով սկսել են զբաղվել դեռեւս անցյալ տարի: Արդեն նորոգում են կոյուղին, բայց դա ժամանակավոր լուծում է, քանի որ կոյուղագիծը, ըստ նախարարի, վնասվում է հողի սողանքի պատճառով:
Այսօր 2017 թվականի գործունեությունն է ամփոփել նաեւ պետգույքի կառավարման վարչության պետը: Նախկին Երիտասարդական պալատի ու «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճակատագրի մասին Արման Սահակյանը ոչինչ չի կարողացել ասել. դրանք իրենց ենթակայության ներքո չեն: Փոխարենը 2016 թվականից պետգույքի կառավարման վարչության ենթակայությանն է հանձնվել Մարզահամերգային համալիրը, բայց դրա ճակատագիրն էլ դեռ անորոշ է: Այն շատ ծախսատար է պետության համար, բայց կառավարումը ստանձնելու հետ կապված ոչ մի առաջարկ դեռեւս չեն ստացել:
Լրագրողներն անդրադարձել են նաեւ Արթիկի դպրոցներից մեկի շենքին, որն անցյալ տարի անհատույց օգտագործման է հանձնվել գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանը: Արման Սահակյանը վստահեցրել է, որ այնտեղ 2 մլն դոլարի ներդրում է արվելու: Նաեւ հորդորել է չտարանջատել, թե ում է հանձնվում գույքը. կարեւորը, Սահակյանի խոսքով, մարզում ներդրում է արվում, աշխատատեղ է ստեղծվում:
Կառավարության նիստերի ընթացքում վարչապետը պարբերաբար դիտողություն է անում պետգույքի կառավարման վարչության պետին: Սա լրատվամիջոցներում հրապարակումների առիթ է դարձել այն մասին, որ Կարեն Կարապետյանի եւ Արման Սահակյանի հարաբերությունները լարված են: Սահակյանը հերքել է:
Թուրքիայի Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ Ստամբուլի «Սանասարյան հանը» վերադարձվել է հայ համայնքին: Շենքը կառուցվել է 1895 թվականին, հայ բարերար Մկրտիչ Սանասարյանի կողմից: Պատկանել է Էրզրումի հայկական համանուն վարժարանի սաներին: Պետության կողմից առգրավվելուց հետո «Սանասարյան հանը» տարբեր նշանակությամբ է օգտագործվել, այդ թվում հյուրատուն է եղել: Շենքը Պոլսո Հայոց պատրիարքարանին վերադարձնելու հարցով դեռեւս 2014 թվականին դատարան էր դիմել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Իսկ ստամբուլահայ համայնքի որոշ ներկայացուցիչներ դատարանի այս որոշումը պատահական չեն համարում: Կարծում են, որ «Սանասարյան հանի» սեփականության իրավունքը համայնքին վերադարձնելով՝ թուրքական իշխանությունները ցանկանում են ամրապնդել իրենց որոշմամբ Պոլսո հայոց փոխպատրիարք վերանշանակված Արամ Աթեշյանի դիրքերը:
Իրանի ներքին անվտանգության ուժերը Թեհրանում ոստիկանության հետ բախումների պատճառով 300 մարդու են ձերբակալել: Իսկ սուֆի աղանդի հետեւորդների եւ իրավապահների բախումների հետեւանքով ոստիկանության երեք աշխատակից է սպանվել, եւս 30 մարդ վնասվածքներ է ստացվել: Տուժածների թվում նաեւ պատահական անցորդներ կան: Ոստիկանների խմբի մեջ ավտոբուս է մխրճվել, իրավապահներն էլ ցուցարարներին ցրելու նպատակով կրակ են բացել եւ արցունքաբեր գազ կիրառել:
Փետրվարի 20-ին դոլարի ու եվրոյի արժեզրկումը շարունակվել է: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 593, ռուբլունը՝ 8 դրամ 47 լումա, ֆունտինը՝ 673 դրամ:
Փետրվարի 21-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +1+3, ցերեկը՝ +10+12 աստիճան տաքություն:











