ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ տրանսպորտի ոլորտում համագործակցության առկա իրավիճակին, հեռանկարային ծրագրերին, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակներում համագործակցության ուղղություններին եւ հնարավորություններին։
Մասնավորապես, քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումներին, երկու երկրների միջեւ կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներին, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցմանն առնչվող մի շարք հարցեր։
Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին եւ դրանցում ռուսական ընկերությունների մասնակցության հնարավորություններին:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը տեղի է ունեցել Երեւանում: Նիստի համանախագահներն էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։




























