ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 22-ին, շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին արեւշատություն, երջանիկ կյանք եւ ստեղծագործական նոր նվաճումներ:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Մեծ է Ձեր ավանդը հայ եւ համաշխարհային կինոյի զարգացման գործում: Դուք կինոարվեստի այն երախտավորներից եք, որի ստեղծագործությունն ու արվեստը գրանցվել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի տարեգրության մեջ՝ ուղենիշ դառնալով կինոռեժիսորների եւ արվեստագետների համար:
Ձեզ հաջողվել է կինոժապավենին հանձնել մարդկային էության եւ հոգեվիճակների թաքնված դրվագները, մարդու եւ բնության փոխառնչությունները, իսկ բացառիկ տաղանդով եւ վարպետությամբ ստեղծված Ձեր ֆիլմերը պատկերի եւ շարժման յուրօրինակ զգացողության ու մեկնաբանության, տարածական մտածողության եւ նոր արտահայտչաձեւերի կիրառման փայլուն դրսեւորումներ են»:



























