Սյունիքում ապօրինի հատված 69 ծառ են հայտնաբերել: «Հայանտառ»-ի «Կապանի անտառտնտեսության» մասնաճյուղի անտառապահը հատված ծառերը հայտնաբերել է Սյունիքի անտառպետության թիվ 2 պահաբաժնում փետրվարի 5-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:
Պարզվել է, որ ծառերը հատվել են հունվարի 29-ից մինչեւ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում: Հատվել են տարբեր տրամագծերի բոխի, կաղնի եւ հացենի տեսակի ծառեր, պետությանն առանձնապես խոշոր չափերի՝ 2.914.250 ՀՀ դրամի վնաս է պատճառվել:
Դեպքի առիթով Սյունիքի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափի վնաս):




























