Փարիզի մետրոյում երկու հնդիկ գործարարի են կողոպտել՝ տանելով 300 հազար եվրո արժողությամբ թանկարժեք քարերով լի պորտֆելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Point թերթը: Միջադեպը տեղի է ունեցել անցած երկուշաբթի օրը Cadet մետրոյի կայարանում: Պարբերականի փոխանցմամբ՝ երկու հնդիկ տղամարդը մետրոյով վերադառնում էին հյուրանոց գործարար հանդիպումից հետո, որի ընթացքում պատրաստվում էին վաճառել թանկարժեք քարերը: Սակայն գործարքն այդպես էլ չի կայացել: Թերթի աղբյուրի համաձայն՝ կողոպտիչները լավ տեղեկացված եւ պատրաստ են եղել հարձակմանը: Այժմ ոստիկանությունը պարզում է միջադեպի բոլոր հանգամանքները:




























