Ավագ քննիչ Միքայել Զադոյանի եւ փաստաբան Գայանե Գալոյանի մասնակցությամբ 3 հազար ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու գործով այսօր՝ մարտի 2-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշի նստավայրում հարցաքննվեց գործով վկա Հովհաննես Գասպարյանը:
Նշենք, որ Հովհաննես Գասպարյանն այս գործով ամբաստանյալ, կաշառք տալու մեջ մեղադրվող Բաբկեն Գասպարյանի որդին է: Նա պատմեց, որ Գայանե Գալոյանի հետ ծանոթացել են դեկտեմբերի 29-ին, երբ ինքը եղբոր՝ Սոս Գասպարյանի եւ հոր հետ գնացել են Գայանե Գալոյանի գրասենյակ:
«Մեզ քննիչն էր տվել Գալոյանի համարը, ասել էր՝ մեզ կօգնի: Գայանեն մեզ ասաց, որ եղբորս հոդվածը փոխելու համար անհրաժեշտ է 3000 դոլար եւ 450 հազար դրամ իր ծառայությունների համար: Դրանից հետո գնացել ենք քննիչ Զադոյանի մոտ, ով ասել է, որ կարող եմ ցուցմունք չտալ եղբորս դեմ ու 15 օր անց եղբայրս կալանավորվեց: Պաշտպանը մեզ ասել էր, որ եղբայրս մի քանի օրից կազատվի, գործը դատարան չի հասնի, բայց մինչեւ հիմա կալանավայրում է»,- պատմեց Հովհաննես Գասպարյանը:
Նա հավելեց, որ եւ քննիչը, եւ փաստաբանն իրենց հուսադրել են, որ եղբոր հոդվածը կվերաորակվի, լավ կլինի, սակայն ոչինչ էլ չի եղել: Գասպարյանը վստահեցրեց, որ հայրն իր ներկայությամբ է 3000 դոլար կաշառքը տվել Գայանե Գալոյանին, սակայն չի հիշում, թե վերցնելուց հետո գումարը որտեղ է դրել փաստաբանը: Դրանից հետո, ըստ վկայի, ինքը Գալոյանի հետ բարձրացել է քննիչ Զադոյանի մոտ ցուցմունք տալու:
Փաստաբան Գայանե Գալոյանը վկայի ասածներից հետո հունից դուրս եկավ եւ վիրավորեց նրան. «Ինչի՞ ես սուտ խոսում, չես ամաչո՞ւմ, բա դիմումը ո՞վ տարավ, տվեց քննիչին, գետինը մտնես»:
Գայանե Գալոյանը դատավոր Մեսրոպ Մակյանի դիտողությունից հետո ասաց, որ վկան կիսատ է հիշում իր ասածները, ինքը Սոս Գասպարյանի վատառողջ լինելու վերաբերյալ է դիմում տարել քննիչին:
Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 6-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը որդու օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Գայանե Գալոյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, իսկ Միքայել Զադոյանն էլ Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Բաբկեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գայանե Գալոյանին՝ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Միքայել Զադոյանին՝ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Բաբկեն Գասպարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսը կալանքի տակ են:
Բունիաթ Եղիազարյանի մասն անջատվել է քրգործից:




























