«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում՝ ԱՌՆԱՊ հիմնադրամի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ, ՀՀ ԱԻ նախարարությունը փետրվարի 26-ից մարտի 3-ը փորձարկել է Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման օրինակելի պլանի նախագիծը:
Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչությունը, իսկ պլանի օրինակելի նախագիծը մշակվել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշել» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ:
Աղետների ռիսկի կառավարման պլանն ուղղված է նախադպրոցական ուսումնական հաստատության եւ շրջակա տարածքին սպառնացող աղետների ռիսկի նվազեցմանը, արտակարգ իրավիճակներում արագ եւ արդյունավետ արձագանքմանը եւ մանկապարտեզներում ուսումնական գործընթացի անընդհատության ու շարունակականության ապահովմանը:
Պլանի փորձարկումն իրականացվել է ՀՀ Սյունիքի մարզում՝ Կապան քաղաքի թիվ 1, 4 եւ 9 մանկապարտեզներում՝ վարժանքի եւ տարհանման միջոցով: Դրան զուգընթաց մշակվել են վերոնշյալ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարհանման պլանները, որոնք տարհանման պայմանական նշանների հետ փակցվել են նշված մանկապարտեզների շենքերի ներսում: Կրթօջախներին տրամադրվել են նաեւ աղետների ռիսկի կառավարման վերաբերյալ ուսումնական նյութեր:
Միջոցառումը հնարավորություն ընձեռեց բացահայտել նախագծի թույլ եւ ուժեղ կողմերը, ինչպես նաեւ՝ պլանի կիրառելիության հնարավորությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
Աղետների ռիսկի կառավարման օրինակելի պլանի նախագծի փորձարկման ժամանակ հայտնաբերված թերությունների եւ մանկապարտեզներների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագիծը կլրամշակվի եւ հաստատվելուց հետո կներկայացվի կրթօջախներին:




























