Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2011 թվականի ծրագիրը։ Այս ծրագիրը մշակվել է էկոնոմիկայի նախորդ նախարար Ներսես Երիցյանի օրոք, սակայն ներկայացվելու է նոր նախարար Տիգրան Դավթյանի կողմից:
Նախորդ տարի Տ. Դավթյանը ֆինանսների նախարարն էր, ու պետական բյուջեից համարյա կրկնակի նվազեցրեց փոքր բիզնեսի աջակցության ծրագիրը: Ներկայացված ծրագրով փոքր բիզնեսի աջակցության համար կառավարությունը 2011 թ. ծախսելու է 150 մլն դրամ (մոտ 420 հազ. դոլար)։ Սակայն այս գումարի մեծ մասը՝ 100 մլն դրամը (մոտ 280 հազ. դոլար), ուղղվելու է ոչ թե փոքր բիզնեսին, այլ որպես աշխատավարձ բաժանվելու է փոքր եւ միջին բիզնեսի աջակցման ազգային կենտրոնի աշխատակիցներին։ Իսկ բուն փոքր բիզնեսին ուղղվելու է ընդամենը 50 մլն դրամը (մոտ 140 հազ. դոլար)։ Երեւի միայն Հայաստանում կարելի է այնպիսի ծրագիր կազմել, որտեղ վարչական ծախսերը 2 անգամ գերազանցում են ծրագրային ծախսերին:
Ըստ էկոնոմիկայի նախարարության ներկայացրած տեղեկատվության՝ ՓՄՁ-ի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում 2009 թ. կազմել է 42.5 տոկոս, իսկ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից վճարված հարկերը՝ բյուջեի հարկային եկամուտների 26.8 տոկոսը (139.6 մլրդ դրամ):
ՓՄՁ-ի մասնաբաժինը երկրի արտահանման ծավալում 2009 թվականին կազմել է 17.7 տոկոս, իսկ ներմուծման ծավալում` 26.2 տոկոս:





























