Հետամանորյա սթրեսը նման է նրան, երբ մի լավ ծիծաղելուց հետո մարդը մի տեսակ տխրում է: Այսօր՝ հունվարի 11-ին, մամուլի ասուլիսի ընթացքում նման կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը: Ըստ նրա՝ այս պարագայում շատ կարեւոր է, թե մարդն ինչ ընդունակություններ ունի հոգեբանական խնդիրները հաղթահարելու համար:
«Շատերն այդ օրերին թողնում են տունը, քաղաքը եւ Ամանորը դիմավորում օրինակ հանգստավայրերում՝ ապահովագրելով իրենց հետամանօրյա սթրեսից»,-նշեց Ս. Խուդոյանը՝ հավելելով, որ որրոշներն էլ ուղղակի անձնատուր են լինում խոր տխրությանը: Այդ դեպքերում, նրա կարծիքով, վատ չէր լինի քնելը կամ քայլելն ու շարժման մեջ լինելը, այլապես բացասական հոգեվիճակը ողբերգության կարող է հանգեցնել: «Թեեւ ինքնասպանություն կատարողները ավելի լուրջ կոմպլեքսային պատճառներ ունեն, այնուհանդերձ, չի բացառվում, որ հետտոնական սթրեսը նաեւ կարող է խթան հանդիսանալ»,-ընդգծեց հոգեբանը:





























