2017-ին Հայաստանում ՏՏ ոլորտում ստեղծվել է 15 հազար աշխատատեղ, 2018-ին առնվազն 10 տոկոսով աշխատատեղերի աճ կլինի, քանի որ մեծանում է համագործակցությունը նորանոր արտասահմանյան ընկերությունների հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, լրագրրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը:
Նրա խոսքով, այս ոլորտում թափուր տեղերն ավելի շատ են, քան առաջարկվող մասնագետթների թիվը. «Այսինքն ունենք աշխատատեղեր, որոնք չեն համալրվում: Կադրերի բացը լրացնելուն ուղղված ծրագիր ենք ներկայացնելու: Այսօր 2 հազար կադրի պահանջ կա, խնդիր ունենք ավելի մեծ թվով երիտասարդների բերել դեպի ՏՏ ոլորտ: Պետությունը պետք է աջակցի, որ բիզնեսը գա դեպի կրթություն:
Կրթական ոլորտում ունենք խնդիր, ուսումնական ծրագրերը չպետք է շատ տարբերվեն այն ծրագրերից, որոնք կան մասնավոր հատվածում: Ցավոք, այսօր կարեւորվում է դիպլոմը: Եթե կրթությունը կառուցված լինի բիզնեսի կարիքի վրա, թեկուզ փոքր չափով, սա արդեն կմոտիվացնի ուսանողներին ՏՏ ոլորտ գալու մասին: Կրթական ծրագրերն ունեն թարմացման կարիք»,-ընդգծեց փոխնախարարը՝ հավելելով, որ եթե մեր երիտասարդները ընտրեն այն ոլորտը, որտեղ կա կադրի կարիք, կա աշխատատեղ, ապա դա կնվազեցնի նաեւ արտագաղթը:




























