Ակնհայտ է, որ հինգ-վեց տարի առաջ ընդունված որոշումները վերանայման կարիք ունեն. անհրաժեշտ է նայել դեպի ապագան և ռիսկերի կառավարման եղանակներ փնտրել՝ հաշվի առնելով կլիմայական գործոնները։ Հոկտեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանում կայացած «Տնտեսության տրանսֆորմացիա․ «կանաչ» տրանսֆորմացիա, ինստիտուցիոնալ որակ և արժեքի ստեղծում» համաժողովի ընթացքում այս մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։
Նա ընդունել է, որ Հայաստանը չափազանց խոցելի է կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ։ Եվ այս համատեքստում էականը միայն ջերմաստիճանի բարձրացումը չէ․ բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ զգալիորեն աճելու է նաև ջերմաստիճանային տատանողականությունը (վոլատիլությունը): Նուրբեկյանը տեղեկացրել է, որ սրա հետ կապված՝ Կենտրոնական բանկն այժմ համագործակցում է բանկային համակարգի հետ, որպեսզի ապահովի հաշվեկշիռների համապատասխանությունն այդ գործոններով պայմանավորված գնագոյացման պահանջներին։
«Սա մեր գործնական աշխատանքի կոնկրետ օրինակ է, որը ներառում է, մասնավորապես, բանկերի վարկային պորտֆելների համար կլիմայական ռիսկերի գնահատումը։ Երկրորդ կարևոր ուղղությունը գյուղատնտեսության ապահովագրությունն է, որը Կառավարության և Կենտրոնական բանկի ընդհանուր առաջնահերթությունն է», — ընդգծել է ԿԲ նախագահի տեղակալը՝ պարզաբանելով, որ երկարաժամկետ համակարգի մշակման ընթացքում հաշվի են առնվում կլիմայական գործոնները, «կանաչ» անցումն ու կլիմայական փոփոխությունները։
«Այս օրինակները զուտ գործնական բնույթ են կրում և պետք է խրախուսեն հետազոտողներին ու ուսանողներին՝ իրենց գիտելիքներում ներդրում անելու, ինչպես նաև մեզ հետ այս հրատապ խնդիրների լուծման գործում համագործակցելու համար», — եզրափակել է Արմեն Նուրբեկյանը։





























