2010-ը, լինելով հետճգնաժամային, Հայաստանի համար բավական բարդ տարի էր, սակայն պետության կողմից իրականացված լուրջ միջոցառումների արդյունքում տնտեսության մեջ դրական միտումներ եւս եղան։ Հունվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

«Պետությունը ֆինանսավորեց համակարգաստեղծ ոլորտները, փոքր եւ միջին բիզնեսը։ Այս առումով անցած տարվա տվյալները բավականին  տպավորիչ են։ Շատ արագ վերականգնվեց հանքային արդյունաբերությունը, ինչի արդյունքում էլ ունեցանք արդյունաբերության շուրջ 10 տոկոսի աճ։ Տնտեսությունն աճեց 2,5 տոկոսով, ինչը երկու անգամով գերազանցում է պետբյուջեով նախատեսված ցուցանիշը։ Հատկանշական է, որ տնտեսության աճի լոկոմոտիվը դարձավ արդյունաբերությունը»,- նշեց Մինասյանը։

Անդրադառնալով 2010-ին տնտեսության ոլորտում գրանցված դրական մյուս միտումներին՝ նա առանձնացրեց նաեւ արտահանման ծավալների մեծացման հանգամանքը։ «Եթե 2009 թվականին արտահանման ծավալները կազմում էին 17 տոկոս, ապա 2010-ին դրանք հասան 21 տոկոսի։ Այս միտումը շարունակվելու է նաեւ սկսված տարում։ Ըստ պետբյուջեի նախագծի՝ 2011-ին արտահանման ծավալները պետք է հասցվեն 25 տոկոսի»,- հիշեցրեց Մինասյանը։