Միանշանակ է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն ընթացիկ տարում կշարունակվի, սակայն զարգացում կլինի, թե՝ ոչ, բարդ է կանխատեսել: Այդ մասին հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը՝ մեկնաբանելով Հարավային Սուդանի հանրաքվեն:

Մարկարովը նշել է, որ Հայաստանը եւս մեկ հաղթաթուղթ կստանա, եթե Հարավային Սուդանը հռչակի իր անկախությունը՝ հանրաքվեի արդյունքներով:

Ըստ քաղաքագետի, ադրբեջանական կողմը որոշակիորեն անհանգստացած է, քանի որ խոսքը գնում է ոչ թե քաղաքակրթությունների բախման, քրիստոնյաների եւ մահմեդականների բախման, այլ «ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման եւս մեկ նախադեպի մասին»:

Նշենք, որ Հարավային Սուդանի հանրաքվեի նախնական արդյունքները հրապարկվելու են հունվարի 31-ին: