Հայաստանի իշխանությունները երբեք ժողովրդին մոլորության մեջ չեն գցել ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ո՛չ ղարաբաղայն հակամարատության հարցերում: Այս ուշագրավ տեսակետը սեպտեմբերի 15-ին ԱԺ հայտարարությունների ժամին արել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ Շարմազանովի՝ Հայաստանը աշխարհին ներկայանում է որպես կայուն եւ վստահելի գործընկեր, իսկ ներկայացված Մադրիդյան առաջարկներում տեղ են գտել հայկական կողմի առաջարկները:

Անդրադառնալով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին՝ Շարմազանովը նշել է, թե «իշխանությունները փորձում են արժանապատվորեն լուծել հարցերը»: «Փաստաթղթերում տեղ չեն գտել ցեղասպանության եւ ղարաբաղյան հարցերով որեւէ նախապայման»,- նշել է Շարմազանովը՝ ներկայացնելով ՀՀԿ-ի կարծիքը. «ՀՀԿ-ի կարծիքը հստակ է: Թուրքիայի հետ հարաբերություններում որեւէ նախապայման մեզ համար ընդունելի չէ, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում Ղարաբաղը չի կարող ունենալ այլ՝ ներկայումս ունեցած կարգավիճակից ցածր կարգավիճակ»: