Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող անգլալեզու Gulf News թերթը Հայաստանին նվիրված հատուկ համար է թողարկել։ Այս մասին ապրիլի 5-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Global FDI reports գործակալության հրատարակչական տնօրեն Պաուլինա Գալարդոն։ 

Նրա խոսքով, այս թերթը լայն տարածում ունի Մերձավոր Արեւելքում եւ Ծոցի երկրներում։ Համարում, մասնավորապես, ներկայացված են Հայաստանի ներդրումային առավելությունները։ Հասանելի է նաեւ էլեկտրոնային տարբերակը. «Հատուկ թողարկման գլխավոր նյութերից է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցը, որտեղ նախագահը ներկայացնում է երկրի հնարավորությունները, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի հնարավորությունները: Հայաստանը շահութաբեր երկիր է, որը շարունակաբար ձգտում է փոխշահավետ հարաբերություններ ստեղծել այլ երկրների հետ»,- ասել է նա:

Պաուլինա Գալարդոն նկատել է, որ շուրջ 1 ամիս է Հայաստանում, եւ այս ընթացքում իրեն հաջողվել է բացահայտել Հայաստանի զարմանահրաշ գեղեցկությունը: 
Հրատարակչական տնօրենի խոսքով՝ ինքը աշխատել է Հայաստանից ավելի մեծ շուկաներում, սակայն Հայաստանում բիզնես առավելությունները շատ են՝ հատկապես կապված աշխարհագրական դիրքի հետ: