Դոդեկանեսի քրեական վերաքննիչ դատարանը 18 անգամ ցմահ ազատազրկման է դատապարտել Հայաստանի 32-ամյա քաղաքացուն։ Պատճառը Հռոդոս կղզու մոտ տեղի ունեցած մոտորանավակի վթարն է, որի հետևանքով երկու միգրանտ էր զոհվել։ Այս մասին հայտնում են հունական լրատվամիջոցները։

Դատավճիռը կայացվել է հոկտեմբերի 6-ին։ Դատարանը 32-ամյա հայաստանցուն մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ հաշվի չառնելով որևէ մեղմացուցիչ հանգամանք։ Ցմահ ազատազրկումը սահմանվել է 18 անգամ՝ տեղափոխվող յուրաքանչյուր անձի համար մեկական ժամկետով։ Բացի այդ, նրան դատապարտել են ինը ամսվա ազատազրկման և տուգանել 2 միլիոն 400 հազար 500 եվրոյով։ Վճռի բողոքարկումը չի կասեցնում դրա ի կատար ածումը։

Նույն գործով անցնում էին նաև Ադրբեջանի 31-ամյա և Հայաստանի 34-ամյա քաղաքացիներ։ Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել միայն Հունաստան ապօրինի մուտք գործելու համար և յուրաքանչյուրին դատապարտել ինը ամսվա ազատազրկման։ Դատարանը նրանց պատժի կրումը հետաձգել է երեք տարով և տուգանել 1500 եվրոյով։

Միջադեպը տեղի էր ունեցել 2025 թվականի հոկտեմբերի լույս 14-ի գիշերը՝ Հռոդոսի Պարադեիսի շրջանում։ Արագընթաց մոտորանավակը ճանապարհ էր ընկել հոկտեմբերի 13-ի երեկոյան՝ Թուրքիայի Մարմարիս քաղաքից։ Նավակում եղել է 21 մարդ։ Ժամը 00:20-ի սահմաններում այն նկատվել էր դեպի Հռոդոս ընթացող հունական պարեկային նավակի կողմից։

Հունական կողմի տվյալներով՝ առափնյա պահպանության աշխատակիցները լուսային և ձայնային ազդանշաններ են տվել՝ պահանջելով կանգ առնել, սակայն մոտորանավակը վարողը չի ենթարկվել։ Սկսվել է հետապնդում, որի ընթացքում նավակը վտանգավոր մանևրներ է արել և շրջվել։ Բոլոր ուղևորները հայտնվել են ջրում, ընդ որում, ըստ գործի նյութերի, նրանք փրկարարական բաճկոններ չեն ունեցել։

Առափնյա պահպանության աշխատակիցներին հաջողվել է փրկել 16 հոգու՝ 12 տղամարդու և 4 կնոջ։ Ավելի ուշ ջրից դուրս են բերվել ևս երկու ուղևորի մարմիններ (10-ամյա իրաքցի տղայի և Գազայի 21-ամյա պաղեստինցի բնակչի): Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ մահվան պատճառը ջրահեղձ լինելն է եղել։

Դեպքից հետո երեք տղամարդ էր ձերբակալվել՝ Ադրբեջանի 31-ամյա քաղաքացին և Հայաստանի երկու քաղաքացիներ՝ 32 և 34 տարեկան։ Փրկված միգրանտները մատնացույց էին արել նրանց որպես տեղափոխումը կազմակերպած և նավակը վարող անձանց:

Դատավարության ընթացքում փրկված ուղևորները պատմել են, որ փոխադրողներին հիմնականում գտել են սոցիալական ցանցերի միջոցով և ուղևորության համար վճարել են 3500-ից մինչև 4300 եվրո։ Ըստ նրանց ցուցմունքների՝ նավակում եղել է երեք տղամարդ, որոնց իրենք «կապիտաններ» էին անվանում. երկուսը հերթով վարում էին նավակը, իսկ երրորդը երթուղու վերաբերյալ ցուցումներ էր տալիս։ Նրանք նաև պնդել են, որ հունական պարեկային նավակի հայտնվելուց հետո այդ տղամարդիկ սկսել են կտրուկ փոխել ուղղությունը, ինչի հետևանքով նավակը շրջվել է։

32-ամյա հայաստանցին սկզբում ընդունել է, որ ինքն է վարել նավակը, սակայն պնդել է, թե գործել է Թուրքիայում գտնվող կազմակերպչի հանձնարարությամբ և պետք է անվճար հասներ Հունաստան։ Ավելի ուշ նա իր վրա է վերցրել նավակը վարելու ամբողջ պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ մյուս երկու մեղադրյալները պարզապես ուղևորներ են եղել:

Նա նաև պնդել է, թե հույն սահմանապահները օդ են կրակել, և որ ինքը կատարվածն ընկալել է որպես հարձակում։ Բացի այդ, տղամարդը հայտարարել է, որ պարեկային նավակը բախվել է իրենց մոտորանավակին։ Սակայն հունական պարեկախմբի հրամանատարի ցուցմունքում նշվում է, որ վթարի պատճառը վարորդի վտանգավոր խուսանավումներն են եղել, իսկ բախման մասին որևէ բան չի նշվում:

Ադրբեջանի 31-ամյա և Հայաստանի 34-ամյա քաղաքացիները հենց սկզբից հերքել են իրենց մասնակցությունը։ Նրանք պնդել են, որ իրենք նույնպես ուղևոր են եղել և Եվրոպա հասնելու համար վճարել են 4000-ական եվրո, իսկ նավակը վարել է միայն 32-ամյա հայաստանցին։

Ըստ հունական ԶԼՄ-ների՝ երեք տղամարդկանց սկզբում մեղադրում էին շահադիտական դրդապատճառներով և կազմակերպված խմբով ապօրինի միգրանտներ տեղափոխելու, մարդկանց մահվան պատճառ դառնալու, ինչպես նաև սահմանն ապօրինի հատելու և ոստիկանությանը չենթարկվելու մեջ։ Գործում նշվում է նաև, որ նրանք նավ վարելու իրավունք չեն ունեցել, իսկ մոտորանավակը եղել է գերբեռնված՝ առանց լուսային ազդանշանների և փրկարարական միջոցների։

Արդյունքում դատարանը լիովին մեղավոր է ճանաչել Հայաստանի 32-ամյա քաղաքացուն, մինչդեռ մյուս երկու մեղադրյալների համար որպես պատիժ թողել է միայն Հունաստան ապօրինի մուտք գործելու դրվագը։