Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Ռուսաստանից լրացուցիչ տեղեկատվություն է պահանջել այն բանից հետո, երբ լրատվամիջոցները հայտնեցին Իրկուտսկի Հակաժանտախտային ինստիտուտի ևս մեկ աշխատակցի մոտ անհայտ ծագման թոքաբորբի հայտնաբերման մասին։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը պարզաբանումներ է ակնկալում նաև ինստիտուտի մահացած լաբորանտ Դարյա Շիպիլովայի «ծանր թոքաբորբի» պատճառների, ինչպես նաև այն «հարուցչի» վերաբերյալ, որի պատճառով Իրկուտսկի մարզում հիվանդության տարածումը կանխելուն ուղղված միջոցառումներ են ձեռնարկվել։
Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ հիշյալ աշխատակցուհին հանկարծամահ էր եղել հոկտեմբերի 2-ին՝ ենթադրաբար լաբորատորիայում պատահաբար վարակվելու հետևանքով։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը վստահեցրել է ԱՀԿ-ին, որ վերջին շրջանում Իրկուտսկի մարզում ժանտախտի դեպքեր չեն գրանցվել։ Կազմակերպությանը նաև տեղեկացրել են իրականացված համաճարակաբանական հետաքննության, ինչպես նաև կանխարգելիչ ու վերահսկողական միջոցառումների մասին։ Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ Շիպիլովայի հետ շփում ունեցած անձինք եղել են բժշկական հսկողության տակ և թեստավորվել են, ինչի արդյունքում բարձր վտանգավորության հարուցիչներ չեն հայտնաբերվել։
Գեբրեյեսուսը հավելել է, որ ԱՀԿ-ն շարունակում է կապ պահպանել ՌԴ առողջապահության մարմինների հետ՝ նրանց տեխնիկական աջակցություն առաջարկելով։ Նա ընդգծել է տվյալների ժամանակին և թափանցիկ փոխանակման կարևորությունը, որպեսզի հնարավոր լինի գնահատել հավանական ռիսկերն ու պարզաբանել իրավիճակի վերաբերյալ հակասական տեղեկությունները։
Շիպիլովայի մահից հետո Իրկուտսկի մարզում մի շարք հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել։ Իշխանությունները նաև հայտնաբերել և հոսպիտալացրել են մահացածի հետ շփում ունեցած 189 անձի։ Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը հայտարարել էր, որ լաբորանտի և հետազոտվածների մոտ ժանտախտի նշաններ չեն հայտնաբերվել։ Ռուսաստանի «Ռոսպոտրեբնադզոր»-ն աշխատակցուհու հիվանդությունը որակել է որպես «անհայտ ծագման թոքաբորբ» և վստահեցրել, որ մարզում «սանիտարահամաճարակային իրավիճակը հանգիստ է»։





























