ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 6-ին, հանդիպում է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում Պատգամավորների պալատի նախագահը Հանրապետության նախագահից հետաքրքրվել է Իտալիա եւ Վատիկան նրա այցի ընթացքով:

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է բավականին ջերմ մթնոլորտում կայացած այցի հագեցած օրակարգը եւ արդյունքները` հանդիպումներն ու ձեռքբերված պայմանավորվածությունները:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտո Ֆիկոյին` Պատգամավորների պալատի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել արգասաբեր աշխատանք եւ հույս հայտնել, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա նաեւ հայ-իտալական միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման գործում:

Հանրապետության նախագահը մեծապես կարեւորել է խորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների օրակարգի ընդլայնման գործում եւ զրուցակցին տեղեկացրել, որ Հայաստանի Ազգային ժողովը եվրոպական բազմաթիվ երկրների խորհրդարանների հետ բարեկամական կապերի բարի ավանդույթ է ձեւավորել: Սերժ Սարգսյանն ընդգծել է` ժամանակն է նոր մակարդակի բարձրացնել նաեւ հայ-իտալական միջխորհրդարանական փոխգործակցությունը՝ հատկապես, որ դրա համար առկա են բոլոր նախապայմանները:

Սերժ Սարգսյանն այս համատեքստում ընդգծել է, թե լոկ այն հանգամանքը, որ Իտալիայի խորհրդարանում Հայաստանի հետ նախորդ բարեկամության խումբն աշխարհի խորհրդարաններում երկու ամենամեծ խմբերից մեկն էր, ինքնին խոսուն է: Հայաստանի` կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո, Հանրապետության նախագահի համոզմամբ, համագործակցության շատ ավելի մեծ հնարավորություններ եւ ներուժ կա, որն անհրաժեշտ է լիարժեքորեն օգտագործել:

Նախագահը հույս է հայտնել, որ այս տարվա մարտին Իտալիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո հնարավորինս արագ կվերաձեւավորվի Հայաստանի հետ բարեկամության խումբը, եւ նորակազմ խորհրդարանի հետ կշարունակվի հայ-իտալական միջխորհրդարանական փոխգործակցության խորացումը:

Ռոբերտո Ֆիկոյի հետ հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել Իտալիա կատարած իր նախորդ այցի շրջանակներում նրա ծննդավայր Նեապոլում հյուրընկալվելը եւ նշել, որ այդ քաղաքն առավել քան հոգեհարազատ է հայերին:

Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահն ընդգծել է, որ քաջատեղյակ է այդ ամենին եւ գիտի, որ Նեապոլում է գտնվում Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցին, որտեղ պահվում են Գրիգոր Լուսավորչի մասունքները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին եւ անցյալ տարվա նոյեմբերին ԵՄ հետ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Հանրապետության նախագահը զրուցակցին հանգամանորեն ներկայացրել է գործընթացի վերջին զարգացումները եւ հայկական կողմի մոտեցումները, որոնք համահունչ են ԵԱՀԿ ՄԽ սկզբունքներին ու մոտեցումներին:

Իտալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նաեւ հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր «Լա Ստամպա» պարբերականին: