Եվրախորհրդի անդամ 47 երկրներից 36-ն ամբողջությամբ չեն կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռների պահանջները: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում զեկուցող Կրիստոս Պուրգորիդեսը Փարիզում` ԵԽԽՎ-ի իրավական կոմիտեի նիստի ընթացքում:

Ի դեպ, Հայաստանն ընդգրկված չէ այդ երկրների ցանկում, իսկ Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Ռուսաստանը ընդգրկված են:

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ ԵԽԽՎ-ի զեկուցողը նշել է, որ ցուցակը կազմելիս հաշվի է առնվել երկու չափանիշ. նախ ընդգրկվել են այն երկրները, որոնք վճիռը կայացնելուց հինգ տարի անց ամբողջությամբ չեն կատարել այն, կամ էլ բացահայտվել են կառուցվածքային էական խնդիրներ:

Ըստ Պուրգորիդեսի՝ մի քանի տարի առաջ ընդամենը նման 10 երկիր կար, հիմա դրանց թիվը հասել է 36-ի: «Դա շատ վատ եւ անհանգստացնող միտում է: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացրած բոլոր երկրները պարտավոր են ամբողջությամբ կատարել Եվրոպական դատարանի պահանջները»,- ընդգծել է զեկուցողը: