«Իշխանություններն ԱԼՄ հեռուստաընկերությանը եթերից զրկելով ինձ հերոս դարձրեցին»,- հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԼՄ հեռուստաընկերության տնօրեն, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
«ԱԼՄ-ին եթերից զրկելով իմ շուրջ համախմբվեցին բոլոր արդար ուժերը»- նշեց Կարապետյանը`շարունակելով. «Իշխանությունը կարողանում է շատ քաղցր խոսել: Այ իրենց լեզվի քաղցրությունը մեզ, սրտի չարությունն էլ՝ իրենց: Մնացած ամեն ինչ լավ կլինի»:
Ժողովրդական կուսակցության նախագահը բացառեց 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունը մեծամասնական կարգով առաջադրելու հնարավորությունը: «Առանց ժողովրդի ես չեմ կարող գնալ: Ես մենակ չեմ, ինչո՞ւ պետք է մենակ գնամ: Ինձ հետ ժողովուրդ կա: Ես մենակ որ անցնեմ, դա ինձ ոչ մի բան չի տա»,- նշեց քաղաքական գործիչը:
Տիգրան Կարապետյանը նաեւ հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, իսկ հարցին, թե կմիանա՞ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին, պատասխանեց. «Ես ինչո՞ւ պետք է միանամ ՀԱԿ–ին, է,՜ թող ՀԱԿ–ը մեզ միանա»:





























