Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը կոչ է արել Արեւելյան Գուտայում սիրիական Դումա քաղաքում քիմիական հարձակման շտապ քննություն անցկացնել: Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը:

«Շտապ քննություն է պահանջվում, եւ միջազգային հանրությունը պետք է պատասխան տա,- նշված է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ: - Մենք Ասադի ռեժիմին եւ նրա կողմնակիցներին՝ Ռուսաստանին ու Իրանին, կոչ ենք անում դադարեցնել անմեղ խաղաղ բնակիչների դեմ բռնությունը»:

Միացյալ Թագավորության ԱԳՆ-ից նաեւ նշել են, որ եթե քիմիական հարձական մասին տեղեկությունները ստույգ են, ապա «դա եւս մեկ անգամ ապացուցում է Ասադի դաժանությունը»:

Սիրիա-ամերիկյան բժշկական միության (Syrian American Medical Society — SAMS) կազմակերպությունից հայտարարել էին, որ Դումայի վրա նետվել է քլորային ռումբ: Ինչպես հստակեցրել էին բժիշկները, արկն ընկել էր քաղաքային հիվանդանոցի վրա: Այնուհետեւ, նրանց տեղեկություններով, Ասադի ուժերը քաղաքի վրա երկրորդ հարձակումն էին կատարել՝ «միախառնված ագենտների», այդ թվում՝ նյարդային նյութերի օգտագործմամբ: SAMS-ի տեղեկություններով՝ այդ ռումբն ընկել էր հիվանդանոցին կից շենքի վրա: Այս հարձակումների հետեւանքով զոհերի ընդհանուր թիվը ինչպես Reuters-ին հայտնել էր ԱՄՆ-ում SAMS-ի փոխնախագահ Բազել Թերմանինին, կազմել է 35 մարդ: Ըստ որում՝ BBC-ի աղբյուրները հայտնել էին Դումայում 70 զոհի մասին:

ԱՄՆ Պետքարտուղարությունն արդեն հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշված էր, որ գերատեսչության ներկայացուցիչներն ուշադիր հետեւում են Սրիայի կառավարական ուժերի կողմից Սիրիայում խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին տեղեկություններին: Եթե այս միջադեպն իսկապես կապված է մահաբեր քիմիական նյութերի հետ, ապա տեղի ունեցածի պատասխանատվությունը  Ռուսաստանն է կրում, հստակեցրել էին Պետքարտուղարությունից:

ՌԴ Պաշտպանության նախարարությունից արդեն հերքել են սկրիական Դումայում քիմիական զենքի կիրառման վարկածը եւ հայտարարել, որ մեղադրանքները «սարքած բնույթ» ունեն:

ՌԴ ՊՆ-ից հերքել են սիրիական Դումայում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման վարկածը