Ապրիլի 9-ին ՀՀ ԱԺ-ում ընթանում է միջազգային հարաբերությունների եւ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցում է նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Նիստում քննարկվում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի վավերացման հարցը, ինչպես նաեւ Ատոմային էներգիայի եվրոպական միության եւ տվյալ կազմակերպության անդամ երկրների կողմից:

Ուշագրավ է, որ նիստի մեկնարկից առաջ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պահանջեց կազմել անհարգելի պատճառով բացակայողների ցուցակը, որպեսզի այն ներկայացվի ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանին:     

Հիմնական զեկուցող, ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը հայտնեց, որ առաջարկվում է վավերացնել դեռեւս 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված իրավական ակտը: Նա նաեւ ներկայացրեց բանակցային գործընթացի որոշ մանրամասներ՝ նշելով, որ բանակցությունները մշտապես եղել են ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ հանրության ուշադրության կենտրոնում: «Այս համաձայնագրով մենք ցանկանում ենք ամրապնդել Երեւանի եւ Բրյուսելի միջեւ քաղաքական երկխոսությունը ու ստեղծել ամուր հիմք»,- պարզաբանեց Նազարյանը:

Հանրապետական պատգամավոր Միհրան Պողոսյանը հետաքրքրվեց, թե համաձայնագիրը կոնկրետ երբ է վավերացվելու ԵՄ բոլոր երկրների կողմից եւ դրա համար որքան ժամանակ կպահանջվի:

ՀՀԿ փոխնախագահ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը շեշտեց, որ համաձայնագրի վավերացմամբ շահագրգռված է ոչ միան Երեւանը, այլ նաեւ ինքը Բրյուսելը:

Կարեն Նազարյանն ի պատասխան նշեց, որ խոսքը ԵՄ 28 անդամ երկրների մասին է, եւ դրանցից մեկը՝ Էստոնիան, համաձայնագիրն արդեն վավերացրել է: ԱԳ փոխնախարարը հավելեց, որ համաձայնագիրը կսկսի գործել հունիսի 1-ից հետո: