Անվտանգության ապահովման երաշխիքները, որոնք ԱՄՆ-ն կարող է ԿԺԴՀ-ին տրամադրել, պետք է «երկաթբետոնե» լինեն:

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԿԺԴՀ-ի իր գործընկերոջ՝ Լի Յոն Հոի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կորեական թերակղզու շուրջ բանակցությունների ժամանակ տրված երաշխիքները պետք է «երկաթբետոնե» լինեն», - ընդգծել է նախարարը,- Բայց այժմ այս թեմայով գուշակումներ անելը անհեռանկարային կլինի»:

Ռուսաստանի արտգործնախարարը նաեւ նշել է, որ Ռուսաստանը ողջունում է Կորեական թերակղզում իրավիճակի աստիճանական կարգավորումը եւ Փհենյանի, Սեուլի եւ Վաշինգթոնի միջեւ առաջիկա շփումները:

«Մենք բավականին մանրամասն քննարկեցինք Կորեական թերակղզու միջուկային հարցի շուրջ իրավիճակը », - ասել է նա: «Ռուսական կողմը հաստատել է, որ ողջունում է իրավիճակի աստիճանական կարգավորումը, փոխադարձ սպառնալիքների դադարեցումը, երկու Կորեաների, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայի եւ Միացյալ Նահանգների միջեւ շփումների պատրաստակամությունը»:

Լավրովը նաեւ ասել է, որ ընդունել է ԿԺԴՀ-ի արտգործնախարարի Փհենյան այցելելու հրավերը:

Միեւնույն ժամանակ, նախարարը հայտարարել է, Լի Յոն Հոի հետ բանակցություններում չի քննարկել երկու երկրների ղեկավարների միջեւ հնարավոր շփումները: «Այսօր մենք չենք քննարկել այդ հարցերը», - ասել է Լավրովը `պատասխանելով համապատասխան հարցին: