Օրաթերթն անդրադարձել է Երեւանի գերեզմանատների հետ կապված խնդիրներին՝ գրելով. «Ամեն ամիս մայրաքաղաքում միջինը մահանում է 500-600 մարդ: Հաշվի առնելով, որ մայրաքաղաքում այսօր ընդամենը 21 գերեզմանատուն կա, որոնց կեսից ավելին փակ է, այսինքն`տեղ չկա, մի պարզ հաշվարկ կատարելով` պարզ է դառնում, որ ընդամենը 8-9 տարի հետո, եթե երեւանցիները շարունակեն այս տեմպով մահանալ, մեր պետությունը կանգնելու է փաստի առջեւ: Տարեկան 7000-7500 մարդու համար տեղ ճարելով` շուտով Երեւանը վերածվելու է մի հսկայական գերեզմանոցի: Բանն այն է, որ արդեն այս պահին Քանաքեռ-Զեյթունի, Նորք -Մարաշի, Դավիթաշենի ու Ավանի բնակիչները պետք է իրենց հանգուցյալներին թաղեն Շենգավիթում, Աջափնյակում կամ Էրեբունիում, որովհետև միայն այնտեղի գերեզմանատներն են բաց:

Սակայն դրանք էլ արդեն այնքան են ընդլայնել իրենց տարածքը, որ ոտնահարել են սահմանված բոլոր չափորոշիչները: Գերեզմանոցը պետք է բնակելի տարածքից առնվազն 300 մետր հեռավորության վրա լինի, բայց Շահումյանի գերեզմանոցը արդեն մտել է մարդկանց տները` խախտելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները: «Հաղթանակ» գերեզմանատունը, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում, արդեն անյքան խիտ է դարձել հանգուցյալներով, որ գերեզմանները հասել են փողոց` գերեզմանոցի բուն տարածքից շատ ու շատ հեռու:

Մենք բոլորս էլ գիտենք, որ այսօր գերեզմանոցներում մի մեծ մաֆիա է գործում եւ ով շատ է վճարում` հնարավորինս մեծ տարածք է գնում, սակայն այս պայմաններում, երբ այլեւս նոր գերեզմանատան համար պարապ հող չի մնացել, իսկ հներում էլ տեղ չկա, պետք է կառավարության միջամտությամբ հնարավորինս խստացվեն տարածքների տրամադրման կարգն ու ճշգրտվեն գերեզմանոցների չափսերը»,-գրում է թերթը։