Եվրամիությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ` Nabucco գազատարին վառելիք մատակարարելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Եվրամիության էներգետիկ հարցերով գլխավոր հանձնակատար Անդրիս Պյեբալգսը:

«Մեզ համար շատ կարեւոր է դիվերսիֆիկացնել Եվրոպային գազ մատակարարող ուղիները: Մենք հետաքրքրված ենք ադրբեջանական գազով, եւ բանակցությունները այս հարցի շուրջ շարունակվում են», — ըստ AFP գործակալության Բաքվում հայտարարել է Պյեբալգսը:

«Ադրբեջանը համարվում է առանցքային մատակարար Թուրքիայից Ավստրիա ձգվող 3300 կիլոմետրանոց այս խողովակաշարի համար, որի կառուցումը նախատեսվում է ավարտել 2014 թվականին», — հաղորդում է AFP-ն՝ նշելով, որ այս խողովակաշարը նպատակ ունի նվազեցնել Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:

«Այս տարվա հուլիսին Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված շրջադարձային պայմանագիրը` Nabucco-ի կառուցման վերաբերյալ, այլեւս ի չիք է դարձնում բոլոր կասկածները շուրջ 11,5 միլիարդ դոլար արժողությամբ այդ ծրագիրը իրագործելու` Եվրամիության հաստատակամության վերաբերյալ»,- նշել է Անդրիս Պյեբալգսը եւ հավելել. «Գազատարին առնչվող բոլոր քաղաքական հարցերը լուծվել են, մնացել են միայն տնտեսական խնդիրները»: