Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը վստահության կորստի կապակցությամբ պահանջել է վարչապետ Վիորիկա Դանչիլեի հրաժարականը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես հետ եմ կանչում վստահությունը տիկին Դանչիլեից, նա չի կարողանում կատարել Ռումինիայի վարչապետի պարտականությունները եւ կառավարությունը խոցելի է դարձնում Ռումինիայի համար, եւ ես հրապարակայնորեն խնդրում եմ Դանչիլեից հրաժարական տալ վարչապետի պաշտոնից»,- նախագահական նստավայրում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Յոհանիսը:

Նախագահը հիշեցրել է, որ կառավարությունը ստեղծվել է այս տարվա հունվարի 29-ին: Նրա խոսքով՝ կառավարության 3 ամսվա աշխատանքն իր համար բավարար էր եզրակացություններ անելու համար:

Դանչիլեն պետք է հանդիպեր Յոհանիսի հետ ապրիլի 27-ին՝ Ռումինիայի կառավարության եւ Ռումինիայի Ազգային բանկի միջեւ առկա կոնֆլիկտի քննարման համար: Բացի այդ, ավելի վաղ նախագահն ասել էր, որ բացատրություններ է սպասում վարչապետից՝ առանց իր մանդատի Իսրայել կատարած այցի վերաբերյալ: Կառավարությունը նախագահի աշխատակազմին հայտնել էր, որ Դանչիլեն հանդիպմանը ներկա չի գտնվի:

Ըստ Ռումինիայի Սահմանադրության՝ նախագահը վարչապետին պաշտոնից հեռացնելու իրավունք չունի. այս հարցը կքննարկեն խորհրդարանի պատգամավորները: