Այսօր՝ ապրիլի 27-ին, Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Գյումրի երեկոյան Վարդանանց հրապարակում նախատեսվող հանրահավաքի կապակցությամբ:

Այս առնչությամբ, ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Բացի այդ, նշենք` քաղաքացիներն ահազանգ ունենալու դեպքում կարող են զանգահարել ինչպես թեժ գծի 116 անվճար հեռախոսահամարին, այնպես էլ Շիրակի մարզային ստորաբաժանում (ք․ Գյումրի, Մհեր Մկրտչյան 44, բն.46, հեռ․ +374 312 4 19 81):

Երեւանում եւ մարզերում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից Պաշտպանի աշխատակազմում սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, եւ թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում:

Նշենք, որ երեկ՝ ապրիլի 26-ին, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր ավտոերթ են իրականացնելու դեպի Գյումրի, իսկ վաղը՝ Վանաձոր:

Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներ է անելու Գյումրիում եւ Վանաձորում. Իսկ այժմ երթ է Երեւանում (ֆոտո)