Մելբուրնի համալսարանի (Ավստրալիա) ուսանողներին եւ դասախոսներին տարհանել են գազի հոտի մասին տեղեկություններից հետո: Պարզվել է, որ պատճառը Durio-ի փտած պտուղներն էին, հայտնում է RBK-ն՝ վկայակոչելով Վիկտորիա նահանգի հրշեջ ծառայությանը:
Վկաները հայտնել են հանրակացարանի գրադարանում զգացվող հոտի մասին: Ավելի քան 500 մարդու տարհանելուց հետո հրշեջները սկսել են զննել շենքը եւ հայտնաբերել են, որ գարշահոտի աղբյուրը պտուղն էր, որը դրված էր խոհանոցի պահարանի մեջ, իսկ օդորակիչներն այն տարածել էին ամբողջ շենքով մեկ:
Շենքը վերստին բացել են: Բնապահպանական ծառայությունները ստուգում են անցկացնում պարզելու համար՝ արդյոք այնտեղ ճիշտ են կազմակերպված թափոնների պահպանումն ու հեռացումը:
Durio-ն մոլոշավարդերի ընտանիքի էկզոտիկ բույս է, որը հիմնականում աճում է Հարավարեւելյան Ասիայում: Որոշ տեսակների պտուղն ուտելի է, սակայն յուրահատուկ հոտ ունի: Մի քանի պետություններում արգելք է սահմանված այս բույսը հասարակական վայրեր տանելու եւ հասարակական տրանսպորտով տեղափոխելու համար:



























