«Ելք» խմբակցության նիստում կառավարության կազմը չի քննարկվել, քննարկվել են ԱԺ գործունեության հետ կապված որոշ դետալներ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
«Ես վստահ եմ, որ պետականության ու ՀՀ ինքնիշխանության համար և պետության նորմալ կենսագործունեության համար մտահոգ բոլոր պատգամավորներն էլ քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին: Վստահ եմ, որ խնդիր չենք ունենալու»,-ասաց նա:
Արարատ Միրզոյանը նկատեց, որ այս կառավարությունը կլինի ժամանակավոր, որի հիմնական առաքելությունը լինելու է որոշակի օրենսդրական կարգավորումներից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը:
Հիշեցմանը, որ ինքն իր ֆեյսբուքի էջում գրել էր ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանին ՊՆ նախարար նշանակելու մասին, Արարատ Միրզոյանն ասաց. «Ես շարունակում եմ Դավիթ Տոնոյանին տեսնել պաշտպանության նախարարի պաշտոնում: Մինչեւ այդ գրառումը ես հանդիպում ունեցել եմ Դավիթ Տոնոյանի հետ»:
Հարցին, թե արտահերթ ընտրությունների գնալու են «Ելք»-ի հե՞տ, նա պատասխանեց. «Շտապում եք այդ հարցադրումն անելիս»:
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը արդեն թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:
Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:
Ես չեմ պատրաստվում որեւիցե պաշտոնի առաջարկի արձագանքել. Դավիթ Տոնոյան


























