«Nooor» Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը բաց հրապարակում է հասցեավորել Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով արդար ու թափանցիկ ընտրությունների լուծում բլոկչեյնի միջոցով: Այս մասին NEWS.ամ–ին հայտնեցին «Nooor» Բլոկչեյնի հայկական ասոցիացիայից։

«Հարգելի՛ պարոն Նիկոլ Փաշինյան,

Հաշվի առնելով վերջին զարգացումները եւ հատկապես կարեւորելով սպասվող ծավալուն աշխատանքները ու որոշումների ճակատագրական լինելը` անհրաժեշտ է, որ հետագա գործողությունները իրականացվեն բացարձակ թափանցիկ կերպով եւ հետեւաբար` զերծ մնալով ցանկացած տեսակի կոռուպցիոն ռիսկերից: Այս գործընթացում առավելագույն արդյունավետություն ապահովելու համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր այն հնարավորությունները, որոնք ընձեռում են նորագույն տեխնոլոգիաները, հատկապես` բլոկչեյնը: Բլոկչեյնը բազմաթիվ մասնակիցների միջեւ ապակենտրոնացված եղանակով բաշխված վստահելի տվյալների ռեեստր է, որը թափանցիկ է բոլորի համար եւ ենթակա չէ ձեւափոխման: Սա նշանակում է, որ ռեեստրում առկա տեղեկատվությունը չունի որեւէ տեր, նույնությամբ պահպանվում է ցանցի բոլոր մասնակիցների մոտ, եւ նույնիսկ տվյալը մուտքագրողը հնարավորություն չունի փոփոխելու սեփական գրառումը: Հատկանշական է, որ համակարգի հիմնադիրը նույնպես որեւէ տեխնիկական հնարավորություն չունի միջամտելու համակարգի աշխատանքին եւ տվյալների ամբողջականությանը:

Բլոկչեյնի բացարձակ վստահելիությունը, թափանցիկությունը եւ անվտանգության բարձր մակարդակը թույլ են տալիս կրճատել պրոցեսների ռիսկերը եւ ծախսերը տարբեր ոլորտներում` սկսած տեղեկատվական եւ ֆինանասական տեխնոլոգիաներից, մինչեւ տնտեսության իրական սեկտոր: Այդ պատճառով այն կիրառություն է գտել թե՛ մասնավոր ընկերություններում (օրինակ` խոշորագույն Walmart, Airbus, եւ այլն), եւ թե՛ պետական ծրագրերում, ինչպես օրինակ.

● Վրաստան` հողի սեփականության իրավունքների գրանցում բլոկչեյն ռեեստրում

● Էստոնիա` նույնականացման կառավարման ազգային համակարգ

● ԱՄՆ Իլլինոյս նահանգ` ծննդյան վկայականների գրանցում

● Դուբայ (ՄԱԷ)` ղեկավարությունը ծրագրում է դառնալ աշխարհում առաջին բլոկչեյնի հիմքով աշխատող

կառավարությունը մինչեւ 2020թ.

● Սիերա Լեոնե` բլոկչեյնի հիման վրա դիտորդական խումբ նախագահական ընտրություններում

Իմ համոզմամբ` Հայաստանում պետք է սկսել հենց ընտրություններից (բոլոր մակարդակներում` խորհրդարանական ընտրություններ, ինքնակառավարման մարմիններ, հասարակական կարծիք): Բլոկչեյնով ընտրությունները թույլ կտան ունենալ արդար ու վստահելի արդյունքներ: Հետագա ինտեգրումները կարող են ընդգրկել հարկային, մաքսային, սոցապ, առողջապահական եւ այլ ոլորտները. հնարավորությունները լայն են:

Գնալով այս քայլին, Հայաստանը որակապես այլ վստահելիության մակարդակ ձեռք կբերի իր օտարերկրյա գործընկերների աչքերում: Սա արմատապես կանդրադառնա մեր երկրի տնտեսական վիճակի բարելավման վրա, կներգրավվեն միջազգային ներդրումներ:

Պատրաստ եմ ամեն կերպ օժանդակել նման համակարգի ներդրմանը», - ասվում է նամակում։