Հանրապետության հրապարակում անցկացված բազմամարդ հանրահավաքի ընթացքում «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերադառնալ քաղաքացիական անհնազանդության խաղաղ, ոչ բռնի ակցիաներին: «Վաղը ամբողջ հանրապետությունում հայտարարվում է տոտալ գործադուլ եւ դասադուլ, առանց բացառության բոլոր ընկերություններում: 8:15-ից շրջափակվում են բոլոր փողոցները, մետրոն, մայրուղիները, օդանավակայանը, ամեն ինչ»,- ասաց Փաշինյանը:

Նա եւս մեկ անգամ հայտարարեց, որ ժողովրդի կողմից ընտրված թեկնածուն պետք է ընտրվի ՀՀ վարչապետ: «Ամբողջ Հայաստանը գտնվում է Հայաստանի քաղաքացիների լիակատար իշխանության ներքո, եւ մնացել է հինգ տասնյակ աթոռ Ազգային ժողովում»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ այսօր հանրապետականները պրովակացիաներ են արել։ «Ուզում էին հասնել նրան, որ ժողովրդի թեկնածուն ափերից դուրս գա։ Բայց մենք դիակապտությամբ չենք զբաղվում: Քաղաքական այդ մեռելը, որ կոչվում է Հանրապետական կուսակցություն եւ խմբակցություն, ընդհանրապես արժանի չէ մեր ուշադրությանը: Եվ եթե խոսք է գնում բանակցությունների մասին, պաշտոնապես հայտարարում եմ, որ բանակցությունները կարող են վերաբերվել միայն ու միայն ՀՀԿ քաղաքական հուղարկավորությանը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀԿ քվեարկությունը կարող է ունենալ նույն էֆեկտը, ինչ ունեցավ Արցախի փողոցից իրենց առեւանգումը:

«Մենք հետքայլ անելու տարբերակ եւ հնարավորություն չունենք։ Մենք պետք է գնանք առաջ, միայնումիայն առաջ՝ ազատագրելու մեր հայրենիքի ամենահեռավոր քառակուսի միլիմետրը։ ՀՀ-ում չկա մի ուժ, որ կարողանա դիմակայել ձեզ»,- նշեց նա:

Փաշինյանը նաեւ դիմեց ոստիկանությանը. «Մի կողմ թողեք ձեւականությունը, ցած դրեք վահաններն ու մահակները եւ խառնվեք ցուցարարներին»։

Նշենք, որ Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 1-ին 45 կողմ եւ 56 դեմ ձայներով մերժեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում: