Հնդկաստանի Ուտար-Փրադեշ նահանգի բնակիչ կինը օձի խայթոցից հետո շնչահեղձ է եղել կովի թրիքի տակ, հայտնում է Sun-ը՝ վկայակոչելով մահացածի ամուսնուն:
Պարբերականը հայտնում է, որ 35-ամյա Դեվենդրիին օձը խայթել է վառելափայտ հավաքելիս: Միջադեպից անմիջապես հետո կինը տուն է եկել եւ ամուսնու՝ Մուքեշի հետ խորհրդակցելուց հետո դիմել է տեղի օձահմային: Նա տուժածին խորհուրդ է տվել ծածկվել կովի թրիքով՝ հայտարարելով, որ այն թույնը կկլանի:
Պարբերականը նշում է, որ Մուքեշը կնոջը թրիքի մեջ է թաղել մարդկանց ներկայությամբ, մինչ օձահման մանտրաներ է ընթերցել: Սակայն 75 րոպե հետո կինը մահացել է:
Նրա ամուսինը նշել է, որ սկզբում փորձել են Դեվենդրիին այլ եղանակով փրկել:
«Մենք ինչ-որ դեղեր փորձեցինք, մանրացված փոշի, պարան կապեցինք թեւին: Սակայն օձահման խորհուրդ տվեց նրան կովի թրիքով ծածկել, ինչը եւ արեցինք: Սակայն ես չէի կարծում, որ նա կմահանա, ես իսկապես կարծում էի, որ նա ողջ կմնա, եւ այս միջոցը կազդի: Ես չէի մտածում, որ այսպես կստացվի»,- ասել է Մուքեշը:
Պարբերականն ընդգծում է, որ Հնդկաստանում սնոտիապաշտությունը լայնածավալ սոցալական խնդիր է դարձել, որն առաջանում է առավել հաճախ գյուղական բնակչության անգրագիտության պատճառով:




























